Հայ կնոջ պատմությունը՝ թուրք ռեժիսորի ներկայացմամբ
Թուրք ռեժիսոր Սերդար Ունալի «Դերդո մայրիկը և ընկուզենին» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում: Այն այս տարի Ստամբուլի ՄԿՓ-ում արժանացել է «Ոսկե կակաչ» մրցանակի:
Ֆիլմը պատմում է 70-ամյա հայ կնոջ՝ Դերդո մայրիկի մասին, ով ապրում է Ստամբուլում և Բիթլիսում երեխաների ու թոռների հետ:
«Երբ գնացի Ստամբուլ՝ ֆիլմ նկարահանելու, հանդիպեցի Դերդոյի թոռնիկին՝ Մարիին, ով պատմեց այս պատմությունը: Զարմացած էի, երբ իմացա, որ Թուրքիայի արևելյան մասում դեռ կան հայեր, ովքեր ունեն պատմելու պատմություն»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սերդար Ունալը:
Ռեժիսորը հանդիպել է Դերդո մայրիկին, երեք ժամից ավելի խոսել նրա հետ:
«Դերդո այդքան էլ չի սիրում կիսվել իր պատմությամբ»,- նշեց Սերդար Ունալը՝ հավելելով, որ ֆիլմի նկարահանման ընթացքում շատ բան բացահայտվեց հերոսուհու մասին՝ կյանքով լեցուն կին է, չի ապրում իր անցյալի ցավերով:
Ֆիլմը նկարահանվել է Բիթլիսում, Երևանում, էջմիածնում:
Հարցին, թե ի՞նչն է նման ֆիլմ նկարահանելու նպատակը, թուրք ռեժիսորն ասաց. «Այն հայ կնոջ պատմություն է, միաժամանակ մոր և կնոջ կյանքի պատմություն է»:
Նա նաև ասաց, որ հայերի, հույների մասին բազմաթիվ հետաքրքիր պատմություններ է լսել, որ միգուցե ապագայում նկարի:
Ֆիլմի մասին
Դերդո մայրիկը 70-ամյա հայ կին է, որն ապրում է Ստամբուլում և Բիթլիսում երեխաների ու թոռների հետ: Ծնվել է գյուղում՝ Արևելյան Թուրքիայի Բիթլիս գավառում (Բիթլիսը Օսմանյան կայսրության կարևոր հայկական քաղաքներից էր): Դերդոյի քույր-եղբայրներն ու անգամ հայրը 1915-ից հետո կրոնափոխ են եղել ու մահմեդական դարձել, բայց Դերդոն դիմադրել է ու մնացել քրիստոնյա: Երբ Դերդո մայրիկն ամուսնու և ութ երեխաների հետ մնացել էր Բիթլիսում՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ, գյուղի ղեկավարները շարունակ նեղում էին նրա ընտանիքին ու սպառնում: Մի օր էլ, երբ Դերդոն երեխաների հետ աշխատում էր դաշտում, ամուսնուն սպանեցին գյուղում: Նրա մահից հետո անգամ Դերդո մայրիկը սպառնալիքներ էր ստանում և ստիպված էր երեխաների հետ փախչել: 1976-ին նրանք գնացին Ստամբուլ՝ առաջին տարիներն անցկացնելով խիստ դժվարին պայմաններում: Դերդո մայրիկը դատի տվեց գյուղի ղեկավարներին, որպեսզի վերադարձնի իրենից յուրացրած հողերը: Ինը տարի անց նա շահեց դատն ու վերադարձավ գյուղի իր տունը: Այսօր՝ նույնիսկ այդ բոլոր տառապանքներից ու դեպքերից հետո, Դերդոն չի հրաժարվում գյուղ գնալուց և ամեն ամառ երկու ամիս անցկացնում է այնտեղ. իրեն մնացած մի փոքրիկ հողակտորի ծառերից ընկույզ է հավաքում, իսկ հետո վերադառնում Ստամբուլ:
Հարակից հրապարակումներ`
- Հնդիկ ռեժիսորն ուրախ է, որ իր ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում
- «Ոսկե ծիրան»-ը կինոտոն լինելուց բացի, կարևոր առաքելություն է ստանձնել. Ռալֆ Յիրիկյան
- Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
- ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմերը կհանվեն «Ոսկե Ծիրանի» ծրագրից. «Փաստ»
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին