ՍԴՀԿ. Անընդունելի է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հերթական խոշոր գործարքը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը տարածել է հայտարարություն Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու, սահմանային լարվածության վերաբերյալ:
«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր խոր անհանգստությունն է հայտնում վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պաշտոնական ներկայացուցիչների չեզոք հայտարարությունների հետ կապված:
Միջնորդ պետությունների անհասցե, առանց կոնկրետ գործողությունների կեցվածքն ազատում է պաշտոնական Բաքվի ձեռքերն ու հնարավորություն տալիս Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով իրականացնել իրավիճակն ապակայունացնող ռազմական գործողություններ, որի հետևանքով գրեթե անհնարին է դառնում այս երկրի հետ ցանկացած բանակցություն: Նմանատիպ ահաբեկչական գործողությունները հղի են ամենաանկանխատեսելի հետևանքներով, որի անմիջական պատասխանատվությունը կրում է ոչ միայն պաշտոնական Բաքուն, այլ նաև միջնորդ երկրները՝ խնդրին ուղիղ և հասցեական չմիջամտելու և ալիևյան ռեժիմին չզսպելու համար:
Միևնույն ժամանակ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն անընդունելի է համարում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հերթական խոշոր գործարքը, որը բացարձակապես անհասկանալի է՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու արդարացի զայրույթ է առաջացնում մեր հասարակությունում:
Ադրբեջանին զինելու ռուսաստանյան այս քաղաքականությունը ոչ միայն ուղիղ վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, այլ նաև մեծ հարցականի տակ է դնում տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ցանկացած հեռանկար»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան