Փաստաբանները ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորի բացարկի հարցը բարձրացրեցին
«Պաշտպանական կողմին մեղադրում եք դատական նիստերին անհարկի միջամտելու, ձգձգելու մեջ, սակայն նախագահող դատավորն է դա անում, երբ որ իմ կոլեգաները հայտարարություններ էին անում, բորբոքվեցիք և մեկ ժամ ընդմիջում հայտարարեցիք»,-Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռերի» 14 անդամների դատավարության ժամանակ ասաց փաստաբաններից Արա Ղարագյուզյանը՝ դիմելով նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Նաև ավելացրեց, որ մեկ ժամ ընդմիջում հայտարարելու իմաստը պաշտպանական կողմը պարզապես չէր տեսնում. «Պաշտպանական կողմի մոտ կարծիք է ձևավորվում, որ նախագահող դատավորը չի ցանկանում, որ շարունակվեն դատական նիստերը: Ուզում եմ հիշեցնել դատավորի վարքագծի կանոնները՝ դատավորը պետք է լինի համբերատար, ցուցաբերի զսպվածություն: Պարբերաբար հունից դուրս եք գալիս, ձեր ձայնը բարձրացնում եք: Սա հիմք է տալիս ասելու, որ դուք չեք կարող այս գործով իրականացնել արդարադատություն, այդ աթոռը պետք է շուտափույթ լքեք, այլ դատավոր գա: Միանում եմ իմ գործընկերների՝ ձեզ հայտնած ինքնաբացարկի միջնորդությանը»։
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նույնպես միացավ միջնորդությունը. «Հարգելի դատարան, գաղտնիք չէ, որ թե ամբողջ քրեական գործը և այն գործողությունները, որ կատարվել են, կա քաղաքական դրդապատճառ: Քաղաքական դրդապատճառներով կատարված գործի նկատմամբ հանրային ուշադրությունը շատ ավելի բարձր է, քան սովորական գործերով: Այստեղ ավելի քան պետք է կարևորվի արդար, անկախ դատարանի կողմից գործի քննության իրավունքը»։
Փաստաբանի խոսքով, դատավորի կողմից առանց որևէ պատճառի, առանց տրամաբանության մեկ ժամով նիստն ընդմիջելն արհամարհանք է դատական նիստի մասնակիցներին, վիրավորանք է արդարադատության իրականացման գործընթացին:
«Նախագահող դատավորը չպետք է անտրամաբանական, չհիմնավորված որևէ գործողություն անի»,- ասաց Տ. Հայրապետյանը:
Փաստաբան Ինեսա Պետրոսյանը միացավ ներկայացված միջնորդություններին.
«Գտնում եմ, որ այս գործով չեք կարող իրականացնել պատշաճ դատավարություն: Ակնհայտ երևում է, որ ի սկզբանե մեր պաշտպանյալների ամենակարևոր իրավունքը՝ պաշտպանական իրավունքը, խախտվեց»:
Մյուս փաստաբանները նույնպես միացան դատավորին բացարկ հայտնելու միջնորդությանը:
Մեղադրող դատախազը ներկայացված միջնորդությունն անհիմն համարեց և ասաց, որ նախագահող դատավորի կողմից դատավարական կարգի որևէ խախտում թույլ չի տրվել:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Հարակից հրապարակումներ`
- «Իմ անունը Պավլիկ է, ապարանցի Պավլիկ է»
- Որտե՞ղ է իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը. Փաստաբան
- Կոստանյան. «Սասնա ծռեր»-ի դատավարությանը չեմ հետևում
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- Արայիկ Խանդոյանի նկատմամբ ուժ չի կիրառվել. փոխոստիկանապետ
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- Արայիկ Խանդոյանին ծեծել է մոտ 15 մարդ՝ հերթով. Արայիկ Պապիկյան
- Խանդոյանի պաշտպանը հաղորդում կներկայացնի դատախազություն
- Դատարանի նկուղային հարկում ծեծի է ենթարկվել Արայիկ Խանդոյանը. Փաստաբան
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան