Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո էական արդյունք չկա և չէր էլ կարող լինել. քաղաքագետ
Բնական է, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո էական արդյունք չկա և չէր էլ կարող լինել, քանի որ հակամարտ կողմերի դիրքորոշումները խիստ տարբեր են: Լրագրողների հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
«Ադրբեջանը պահանջում է ողջ Ղարաբաղը, ինչն անընդունելի է անգամ միջազգային հանրության համար: Կողմերը կարող են ամեն օր հանդիպել, բայց դրանից ոչինչ չի փոխվի, քանի դեռ չկան կոնկրետ առաջարկներ: Ադրբեջանի գործելաոճը հետևյալն է. սպասել այնքան, մինչև Հայաստանը այլևս տարածաշրջանային գործոն չի լինի, կթուլանա, ինչպես նաև պարբերաբար հարվածել՝ այսպիսով հյուծելով մեզ»,- ասաց նա՝ հավելելով, որ դրան ի պատասխան՝ Հայաստանի պաշոնական, քաղաքական միտքը խոսքերից այն կողմ չի անցնում, ավելին, ԱԳՆ շենքը կա, իսկ նախարարություն, որպես այդպիսին չկա:
Անդրադառնալով Արցախում կայանալիք նախագահական առաջիկա ընտրություններին՝ Սուրեն Զոլյանը նկատեց՝ ԼՂՀ իշխանությունները, փոխանակ զբաղվեին ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիրներով, հետամուտ եղան սահմանադրական փոփոխություններին՝ երկարաձգելու Բակո Սահակյանի իշխանությունը:
«Սա նախապես ծրագրված տրիվիալ գործընթաց է, ոչ թե քաղաքական գործընթաց: Եթե որևէ մեկը կասկածում է, որ Բակո Սահակյանը չի ընտրվելու, կուզեի տեսնել այդ թարմ ուղեղին»,- ասաց բանախոսը:
Քաղաքագետն անդրադարձավ նաև «Սասնա ծռերի» անդամների դատավարությունը՝ ընդգծելով, որ դա դատավարություն չէ, այլ համատարած հաշվեհարդար:
«Դատավորների կազմը կարծես հատուկ է ընտրվել: Փոխանակ գործը քննվի, անընդհատ կոնֆլիկտներ են լինում: Դատարանի ներսում «Սասնա ծռերի» անդամները խոտանգումների են ենթարկվում, և սա պատահականություն չէ, այլ ցույց է տալիս իշխանությունների մոտեցումն արդարության հանդեպ»,- ամփոփեց Սուրեն Զոլյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը
- Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է, հաջորդը կլինի սեպտեմբերին
- Բրյուսելում շարունակվում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
- Նալբանդյան. Ադրբեջանի կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը
- Նալբանդյան. Անվտանգությունը մեր տարածաշրջանում շարունակում է վտանգված լինել Ադրբեջանի պատճառով
- Արցախի իշխող քաղաքական ուժը հանրապետության նախագահի պաշտոնում կառաջադրի Բակո Սահակյանի թեկնածությունը