Բնական է, որ նախարարների հանդիպումից արդյունք չպետք է լիներ. Իսկանդարյան
Բանակցային գործընթացը շարունակվում է, և չնայած սահմանային լարվածությանը՝ ադրբեջանական կողմը չչեղարկեց հանդիպումը: Նրանք մի բան ասում են, մեկ այլ բան անում: Բնական է, սակայն, որ որևէ արդյունք այդ հանդիպումից չպետք է լիներ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, ստիպելը, որ Ադրբեջանը կատարի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, բավականին լուրջ աշխատանք և Ադրբեջանի վրա լուրջ ճնշումներ է ենթադրում:
Ալեքսանդր Իսկանդարյանը նաև ընդգծեց՝ Ադրբեջանն այս պահին իրական պատերազմի պատրաստ չէ:
«Ադրբեջանի կողմից կրակոցներ եղել են ամբողջ բանակցային գործընթացի ժամանակ, իսկ վերջին տարիներին կրակոցներն ավելի ու ավելի հաճախակի են դարձել: Իհարկե, բանակցությունները կշարունակվեն, բայց դրանց նպատակը հենց բանակցային ձևաչափը պահպանելը կլինի»,- նշեց նա:
Ալեքսանդր Իսկանդարյանը չբացառեց, որ ապրիլյան պատերազմի նման ևս մեկ պատերազմ բռնկվի: Ավելին, կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը պատերազմական գործողություններ կարող էր ձեռնարկել այս տարվա ապրիլին:
«Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հակամարտությունը չի լուծելու: Խնդիրը ունակ են լուծել միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Հակամարտության լուծման բանալին Երևանում և Ստափանակերտում է»,- նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ Ալեքանդր Իսկանդարյանը նշեց՝ կյանքը ցույց կտա՝ արդյոք վարչապետությունը սահուն կերպով կփոխանցվի Սերժ Սարգսյանին, թե ոչ: Ինչ վերաբերում է հեղաշրջման փորձին, քաղաքագետը նկատեց՝ դա լուրջ տեխնոլոգիա է և փողոց դուրս գալու պատրաստ մեծաթիվ մարդիկ:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո էական արդյունք չկա և չէր էլ կարող լինել. քաղաքագետ
- Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է, հաջորդը կլինի սեպտեմբերին
- Բրյուսելում շարունակվում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
- Նալբանդյան. Ադրբեջանի կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը