Լևոն Մկրտչյանն՝ ատեստատներում ռուսերեն նշումների մասին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են հանրակրթական դպրոցների կողմից տրվող ավարտական ատեստատներում ռուսերեն նշումներ արվում, ասաց, որ դա ունի իր հիմնավորումը:
Նրա խոսքերով՝ Հայաստանի աշակերտների մի զգալի մասը դպրոցն ավարտելուց հետո գնում է Ռուսաստան աշխատելու, որի համար նաև ատեստատ է պետք: Ըստ նրա, որպեսզի ատեստատի թարգմանության համար հավելյալ գումարներ չծախսեն, ԿԳ նախարարությունը միանգամից նաև ռուսերեն տարբերակն է նշում:
«Մեր երեխաների զգալի մասը արտագնա աշխատանքի են մեկնում և հետ են գալիս, ատեստատն իրենց պետք է»,- ասաց նա:
Հարցին, թե միայն Ռուսաստանո՞ւմ է ատեստատ պետք գալիս, այլ երկրներում այդ խնդիրը չկա՞, նախարարը պատասխանեց. «Եթե անգլերեն լինի, կդիմեն մեզ, անգլերեն տարբերակը կտանք, բայց հիմնականում Ռուսաստան են գնում: Միշտ այդպես է եղել։ Եւ մեր բնակչությանը նոր ֆինանսական ծանրաբեռնվածության տակ չդնենք»: