
Կգա 2018 թվականը, կտեսնենք. Լևոն Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ-ական մարզպետների փոփոխությանը նշեց, որ դա պայմանավորված է նրանով, որ մարզպետներն անցել են այլ աշխատանքի:
«Եթե ուշադրություն դարձրել եք, մեր կուսակցության համար շատ սկզբունքային նշանակություն չունի, որ անպայման պետք է տվյալ մարդուն այդտեղ երկար պահենք, կամ չպահենք»,- նշեց Լևոն Մկրտչյանը:
Ըստ նրա՝ երբ մտան կոալիցիա, փորձառու մարդիկ էին անհրաժեշտ` անցումային խնդիրները կարգավորելու համար, իսկ հիմա ավելի երիտասարդ կադրեր կան, որոնք կարող են խնդիրներին լուծում տալ:
Անդրադառնալով լուրերին, թե «Ծառուկյան» դաշինքը չի բացառել, որ 2018-ին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի և ՀՅԴ-ն դուրս կմնա, Լևոն Մկրտչյանն ասաց. «20 տարուց ավելի է քաղաքականության մեջ եմ, ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել դա, եթե դա այսօր որևէ հիմք չունի: Կգա 2018 թվականը, կտեսնենք, կլինի քաղաքական նոր իրավիճակ»: