«Ֆրանսիական բավականին խոշոր ձեռնարկություններ արդեն հետաքրքրված են հայկական շուկայով»
«Հայ- ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են: Երկու ուղղություններով տարեկան ապրանքաշրջանառությունը 50 միլիոն եվրո է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Նրա խոսքով, հավանաբար, դա պայմանավորված է նրանով, որ հայկական տնտեսական շուկային Արևմտյան Եվրոպայում այդքան էլ լավ ծանոթ չեն. «Այսօրվա դրությամբ իրերը միտում ունեն փոփոխվելու, բայց հստակ ընդգծված ցանկություն՝ միանգամից գալ ու ներգրավվել այդ շուկայում, իրեն այդքան էլ զգացնել չի տալիս: Ես ասացի` մինչև այս պահը ցանկության սրացում չենք տեսնում, որովհետև միտումը հետևյալն է՝ ֆրանսիական բավականին խոշոր ձեռնարկություններ արդեն ցույց են տալիս իրենց հետաքրքրվածությունը հայկական շուկայում: Ինչո՞ւ, որովհետև հայկական շուկա ասելով ենթադրվում է նաև պոտենցիալ մեկ այլ հնարավորություն՝ պայմանավորված իրանական հնարավոր շուկայով, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ևս հնարավոր հեռանկարներ կարող է խոստանալ»:
Դեսպանը միաժամանակ նշեց, որ ցածր առևտրատնտեսական համեստ շրջանառությամբ հանդերձ՝ ֆրանսիական բավականին զգալի ընդգծված ներկայացվածությունը կա Հայաստանի տնտեսական դաշտում:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ ներդրումների մասով վիճակը մի փոքր բարվոք է, Հայաստանում կան ու գործում են ֆրանսիական ընկերություններ:
Դեսպանի կարծիքով, Հայաստանով հետաքրքրվող ֆրանսիական ձեռնարկությունների համար կարևոր է այստեղ գործող ֆրանսիական ձեռնարկությունների արձագանքն առ այն, որ այստեղ իրենք իրենց լավ են զգում, գործունեությունը հաջողությամբ է ընթանում:
Պատասխանելով հարցին, թե Հայաստանի կառավարության իրականացրած գործողություններն իրավիճակի լավացման ուղղությամբ վստահություն ներշնչո՞ւմ է ֆրանսիացի ներդրողին, որ ներդրում կատարի Հայաստանում, ֆրանսիացի դիվանագետն ասաց, որ այն տարրերի մեջ, որոնցով պայմանավորված է ՀՀ նկատմամբ ֆրանսիական ձեռնարկությունների ուրվագծվող հետաքրքությունը, պայմանավորված է նաև կառավարության ներշնչած վստահության գործոններով:
Հարցին, թե Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ինչպիսի՞ խնդիրներ կարող է լուծել, ինչպիսի՞ հնարավորություններ է բացում Հայաստանի համար, դեսպանն ասաց, որ կան բազմաթիվ տնտեսական, պայմանագրային կետեր, որոնք միտված են ավելի բարելավելու ԵՄ-ՀՀ միջև գործարար մթնոլորտը: