Մաքսիմ Վենգերով. «Միասին կաղոթենք, որ այս արևոտ տարածաշրջանում միշտ լինի խաղաղություն»
«Ինձ համար մեծ հաճույք է լինել այս բեմում, որտեղ միշտ նվագում են ամենամեծ, ամենալավ երաժիշտները: Շնորհակալ եմ իմ հիանալի ընկերոջը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանին, այս բեմում ևս մեկ անգամ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունենալու հնարավորության համար»,- երեկ երեկոյան համերգի ավարտին հոտնկայս ծափահարող հանդիսատեսին ասել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, ով Երևանում էր «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի գալա համերգին մասնակցելու համար։
«Ես շնորհավորում եմ արդեն հանրահայտ դարձած «Արմենիա» առաջին մրցույթ-փառատոնը եզրափակելու կապակցությամբ։ Սա ոչ միայն մրցույթ-փառատոն է, այլև հիանալի հարթակ երիտասարդների համար։ Այսօր ծանոթացանք մրցույթի հաղթողների հետ, և հուսով եմ` մոտ ապագայում մենք կլսենք այդ անունները, և այդ անունները կփայլեն։ Որպես բիս կնվագեմ Բախի «Սարաբանդան», և միասին կաղոթենք, որպեսզի այս արևոտ տարածաշրջանում միշտ լինի խաղաղություն»,- ասել է Մաքսիմ Վենգերովը՝ ևս մի քանի րոպե իր անմոռանալի հնչյունները պարգևելով դահլիճը լքել չցանկացող ունկնդրին։
Փառատոնի կազմակերպիչների հաղորդմամբ, համերգի մեկնարկին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարել է Կլոդ Դեբյուսիի «Այծեմարդու հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պոեմը։ Հանդիսատեսի չդադարող ծափահարությունների ներքո բեմ է բարձրացել Մաքսիմ Վենգերովը։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երաժիշտները ներկայացրել են Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը և փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Միայնակ նավարկում» պիեսը ջութակի և նվագախմբի համար։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը նշել է , որ այս համերգն իրենց համար մեծագույն հաջողություն է. «Ավարտվում է «Արմենիա» մրցույթ-փառատոնը, Հայաստանում է մաեստրո Վենգերովը։ Շատ հուզված ենք բոլորս՝ նվագախումբը, ամբողջ թիմը, ես։ Այն երևույթը, որ մենք ունեցանք` միջազգային չափանիշներին համապատասխան մրցույթ-փառատոն, կարևոր ձեռքբերում է։ Շատ շնորհակալ եմ բոլորին, արտիստներին, որոնք ժամանեցին Հայաստան։ Ունեինք շատ յուրահատուկ ժյուրի, որն աշխատեց գտնել այն տաղանդին, ում անունը մենք դեռ կլսենք ապագայում»։
Հուլիսի 4-12-ը տեղի ունեցած «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այս մասշտաբային նախագիծը կյանքի է կոչվել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները
- Աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը Հայաստանում է
- «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը խթանող ուժ ունի. Գևորգ Մուրադյան
- Ավարտվել է «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի առաջին փուլը
- Էդուարդ Թոփչյան. «Արմենիա» միջազգային մրցույթից ակնկալում եմ նոր տաղանդների բացահայտում
- «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնում կատարողների լավագույն կազմ է հավաքվել. Իշխանով
- Աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը հանդես կգա Երիտասարդական նվագախմբի հետ