Անդրանիկ Առուստամյան. Տղաներն ի վիճակի են Պորտուգալիայում բարձր տեղերի համար պայքարել
Հուլիսի 18-ից 27-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների (Մ 19) և Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշրջանի առաջին կարևոր մեկնարկին Հայաստանից կմասնակցեն Ռոբերտ Խաչատրյանը, Լևոն Լավչյանը ( Մ 19) և Էդգար Ստեփանյանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրանիկ Առուստամյանը հայտնել է, որ հավաքականն իր գլխավորությամբ Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացրել:
«Մասնակցեցին հեծանվորդներ, որոնք պետք է հանդես գան Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև Հունգարիայում կայանալիք պատանեկան Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնում: Մենք խճուղում երկու շաբաթ լավ աշխատեցինք: Տղաներն ի վիճակի են Պորտուգալիայում բարձր տեղերի համար պայքարել: 14-ի լույս 15-ի գիշերը կմեկնենք այնտեղ:
Օլիմպիական փառատոնին կմասնակցեն Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը և Հենրիկ Երանոսյանը, որոնք հանդես կգան խճուղային հեծանվավազքում: Տղաները միջազգային փորձի պակաս ունեն, բայց աշխատել եմ լավագույնս նախապատրաստել նրանց: Հունգարիայում նրանց կուղեկցի մարզիչ Դավիթ Մկրտչյանը` Մհեր Մկրտչանի եղբայրը»,-ասել է Անդրանիկ Առուստամյանը:
Առաջատար հեծանվորդ Մհեր Մկրտչյանը շարունակում է մարզվել ֆրանսիայում` հանդես գալով տեղի ակումբում: Հուլիսի 26-ին նա կմասնակցի Կոտ ԴՙԻվուարում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերին: Նրա հետ միասին մեկօրյա խճուղային հեծնավազքում հանդես կգա Էդգար Ստեփանյանը, որը Մհերին կմիանա մայրցամաքի առաջնության ավարտից անմիջապես հետո: