Շվեդ պատգամավորները ցեղասպանության մեղադրանքով Էրդողանի դեմ հայց են ներկայացրել
Շվեդիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կուսակցության դեմ հայց են ներկայացրել Ստոկհոլմի միջազգային դատախազություն: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է քրդական «ANF» լրատվակայքը:
Պատգամավորները Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) որոշ այլ առաջնորդների մեղադրել են ցեղասպանության, մարդկության դեմ գործված հանցանքների և ռազմական հանցագործությունների մեջ:
Ներկայացված հայցում նշվել է, որ 2015թ. հուլիսից մինչև 2016թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում թուրքական զինուժը Շըրնաք, Սիլոպի, Ջիզրե և Սուր բնակավայրերի մի շարք շրջանները գետնին է հավասարեցրել՝ սարսափ տարածելով ժողովրդի շրջանում և նրանց իրենց բնակավայրերից տեղահանելով:
Որպես ապացույց ներկայացվել են ՄԱԿ-ի, «Amnesty International» և «Mazlum Der» իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև՝ Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կողմից հրապարակված զեկույցները և նշված վայրերում ավերածություններից ու կոտորածներից հետո արված լուսանկարներ:
Շվեդիայի 2014:406 օրենքի սահմաններում Էրդողանին սպառնում է 4 տարուց մինչև ցմահ ազատազրկում՝ ցեղասպանության, 6 տարվա ազատազրկում՝ անմարդկային միջոցների կիրառման և 6 տարվա ազատազրկում՝ ռազմական հանցագործությունների համար:
Շվեդ պատգամավորների պնդմամբ՝ Քուրդիստանում տեղի ունեցած ցեղասպանության հիմնական պատասխանատուն հենց Էրդողանն է: Սակայն նրա հետ որպես հանցակիցներ են մատնանշվել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ներքին գործերի նախկին նախարար Էֆկան Ալան, պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը և պաշտպանության նախկին նախարար Իսմեթ Յըլմազը:
Շվեդիայի օրենքների համաձայն՝ ցեղասպանությունների, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ գործած հանցանքների վերաբերյալ 2014:406 օրենքը կարող է կիրառվել այդ հանցանքը կատարած ցանկացած մեկի դեմ՝ անկախ հանցանքի կատարման երկրից: Այդ իսկ պատճառով վերոնշյալ անձիք Շվեդիա այցելելու դեպքում ներկայացված հայցի հիման վրա կարող են դատարանի առաջ կանգնել:
Շվեդական մամուլը լայնորեն անդրադարձել է շվեդ պատգամավորների այս քայլին: Թեման քննարկման է դրվել երկրում ամենից շատ հանդիսատես ունեցող TV4 հեռուստաալիքի եթերում: Հաղորդմանը մասնակցած իրավաբանները նշել են, որ Էրդողանին և նրա թիմակիցներին շատ ծանր մեղադրանքներ են առաջադրվել և Շվեդիա այցելելու դեպքում նրանք կարող են ձերբակալվել:
Հարակից հրապարակումներ`
- Շանգալի հարավում 11 զանգվածային գերեզման է հայտնաբերվել
- ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա
- Քուրդ քաղաքական գործիչ. «Էրդողանը մի նոր Էնվեր փաշա է»
- Սաիդ Ավդալյան. 5 հազար եզդի կին գտնվում է ստրկության մեջ
- ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին արժանացավ ԻԼԻՊ-ից փախած եզդի Նադիա Մուրադը
- ԻՊ ահաբեկիչներից փախած եզդի կինը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան
- Կասկածի տակ չառնել եզդիների ցեղասպանությունը. Սաիդ Ավդալյան
- Օղակաձև զբոսայգում հուշարձանը նվիրված է Շանգալի զոհերին
- Շանգալում եզդիների ցեղասպանությունը շարունակվում է. «Շանգալ» թերթի խմբագիր
- Ամո Շարոյան. Ստեղծել Շանգալի եզդիների ինքնավար Հանրապետություն՝ խաղաղապահ ուժերի հսկողության ներքո (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան