«Ֆիքսեցինք». Վարչապետն առաջարկում է վերանայել բնապահպանական փորձաքննության ժամկետներն ու ընթացակարգերը
Ինչպես կառավարության նախորդ նիստերը, այսօրվա նիստը ևս սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով:
Առաջին հանձնարարականը վերաբերում էր բնապահպանական փորձաքննության կատարելագործման անհրաժեշտությանը:
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ ներկայումս գործող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրական կարգավորումներում անհրաժեշտ է վերանայել ընթացիկ գործունեությունների դասակարգումը, ֆինանսավորման աղբյուրները, ժամկետները և ընթացակարգերը:
«Շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է պատշաճ, կանխատեսելի և ողջամիտ ժամկետներում իրականացում՝ ըստ միջազգային լավագույն չափանիշների»,-ասաց վարչապետը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարեց երեքամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններ։
Վարչապետը նաև հանձնարարեց, ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ:
«Պարոն Մինասյան, երեք ամիսը շատ չի՞ մի քիչ», - Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց վարչապետը։
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Կարող ենք մեկ ամսվա ընթացքում էլ անել, պարոն վարչապետ»:
«Ֆիքսեցինք», - նշեց վարչապետը։