Քննարկվել է Գումբուրդոյի եկեղեցու բակից դուրս եկած և վերաթաղված ոսկորների հարցը
Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները, Վրաստանի խորհրդարանի պատգամավորները և Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպել են գյուղի բնակչության հետ՝ քննարկելու վերանորոգվող եկեղեցու բակի տարածքից դուրս եկած և վերաթաղված ոսկորների հարցը:
jnews.ge-ի հաղորդմամբ, Գումբուրդո գյուղի բնակչությունը նամակ-պահանջով դիմել էր Վրաստանի և Հայաստանի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, որպեսզի թույլատրեն իրենց նախնիների ոսկորները վերաթաղեն հենց եկեղեցու բակում և գերեզմանի վրա խաչքար կանգնեցնեն: Որպեսզի հենց տեղում ծանոթանան խնդրի էությանը գյուղ էին ժամանել Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Դավիդ Ճիճինաձեն, Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ՝ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը, Տեր Տաթև քահանա Մարուքյանը և ուրիշներ:
Գյուղացիները նշում են, որ եկեղեցին բոլորինն է, և ուրախ են, որ եկեղեցին ի վերջո վերականգնվում է: Բայց, միաժամանակ հարցնում են. «Ինչու՞ են քանդում մեր ապուպապերի գերեզմանները, ոսկորները արևին տալիս: Ո՞վ իրավունք ունի սրբությունը քանդելու, հազար տարվա պատմությունը ուզում են փոխել, այստեղ հոգևորականներ են թաղված, հասարակ բնակիչներ, թող թողնեն մարդկանց ոսկորները հանգիստ հանգչեն»:
Գյուղի բնակիչները 2016 թվականի աշնանը ոսկորները հավաքել ու վերաթաղել են: Խաչքարը, որ ուզում են տեղադրել ընդհանուր գերազմանին, նույնիսկ արդեն պատվիրել են: Սակայն սրանով խնդիրը լուծում չի ստացել, քանի որ մինչև հիմա էլ եկեղեցու բակում յուրաքանչյուր քայլափոխի ոսկորներ են: Գյուղացիները նշում են, որ այս ընթացքում 43 պարկ ոսկոր են հավաքել և վերաթաղել: Գյուղացիները վստահեցնում են, որ նախքան ոսկորները վերաթաղելը, նրանք եկեղեցու շինարարների հետ համաձայնության են եկել, թե եկեղեցու բակում, կոնկրետ որ կողմում վերաթաղեն ոսկորները:
«Նախքան հուղարկավորելը մենք վարպետներին հարցրել ենք, թե որտեղ թաղենք, որ չխանգարենք, իրենք այնտեղ էին փորել, բայց այնտեղ չընտրեցինք, որովհետև խաչը հակառակին էր ընկնում, ասացին՝ որտեղ ուզում եք, ընտրեք ու թաղեք: Հիմա նորից ասում են պիտի տեղափոխեք: Քրիստոնեական բոլոր արարողակարգերով վերաթաղել ենք, հիմի ինչ, պիտի նորից հանենք, ամեն օր, ով ուզի պետք է գա ու ասի հանեք, տեղը հարմար չէ: Մինչև մեզ գրավոր երաշխավորագիր չտան, որ այստեղից հանելուց հետո շինարարության ավարտին ոսկորները կրկին կվերաթաղվեն եկեղեցու բակում, մենք չենք մտածի տեղափոխելու մասին», – բարձրաձայնում են գյուղացիները:
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը խնդրին տեղում ծանոթանալուց հետո ասել է. «Իմ խնդրանքն է, եթե նոր ոսկորներ էլ դուրս գա, հավաքեք մի տեղ, մինչև տեսնենք՝ ինչ ենք անում: Խաչքարը մի բերեք և մի տեղադրեք, Ձեր նամակը բարձր մակարդակներում նայվում է, նախագահի, կաթողիկոսի մակարդակով, որ ամեն ինչ նորմալ և օրինական կերպով լինի: Ես կողմ եմ, որ մնա այնպես, ինչպես որ կա, մինչև վրացական կողմը մեզ երաշխավորագիր չտա, ամեն ինչ թողեք նույնությամբ»:
Երկու կողմերը եկել են այն եզրակացության, որ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա: Գյուղացիները չեն խանգարի եկեղեցու շինարարական աշխատանքներին, մինչև պաշտոնյաները որոշեն՝ ինչ են անելու:
Այնուհետև հոգևորականները գյուղացիների հետ միասին աղոթել են Գումբուրդոյի 10-րդ դարի կիսաքանդ տաճարում, հոգեհանգստյան կարգ կատարել վերաթաղված ոսկորների հավաքական գերեզմանին:
Ախալքալաքի շրջանի Գումբուրդո (վրաց. Կումուրդո) գյուղի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցված է 10-րդ դարում: Աղբյուրը հայտնում է, որ այսօր եկեղեցին կիսավեր վիճակում է գտնվում: Հունիսից սկսվել են Գումբուրդո գյուղի Սուրբ Համբարձման եկեղեցու վերականգնման աշխատանքները: Եկեղեցու վերականգնման ծրագիրը իրականացնում է Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը: Եկեղեցու հիմնովին վերականգնումը կտևի 3 տարի: Եկեղեցու քարերը հատուկ կբերվեն Աբուլ գյուղի քարհանքից: Հատուկ ուսումնասիրություն է անցկացվել և պարզվել է, որ նույն քարով է եկեղեցին կառուցված:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին