
Աշոտ Մանուկյան. Էներգետիկ ոլորտում հայ-իրանական ծրագրերը բարեհաջող ընթանում են
Իրանի հետ էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերը բարեհաջող ընթանում են և արդյունքներն ակնհայտ են։ Այս մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Նա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի հերթական նիստի շրջանակում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաեմիին։
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերի ընթացքին և առաջիկա անելիքներին։
Աշոտ Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս աշխատանքները հաջողությամբ կշարունակվեն։
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին, գազ-էլեկտրաէներգիա փոխանակումների ծրագրին, «Մեղրի» ՀԷԿ-ի նախագծի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։