Կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ Մայր Տաճարն իր այցելուներին կդիմավորի նման հանդերձանքով. Տեր Վահրամ
Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը տարբեր ժամանակներում մասնակի վերանորոգումների ենթարկվել է, սակայն ամբողջական հիմնանորոգման աշխատանքներ երբեք չեն եղել: Անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամբողջական հիմնանորոգման և ամրակայման անհրաժեշտություն կա: 2016-ից սկսվել են Տաճարի վերանորոգման և ամրակայման բուն շինարարական աշխատանքները, որոնց ընթացքի, վերանորոգման նախագծի մասին Panorama.am-ի հարցերին պատասխանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Panorama.am -Ե՞րբ են սկսվել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման, ամրակայման արտաքին աշխատանքները:
Տեր Վահրամ- Հայոց ազգի համար Սրբություն սրբոց հանդիսացող Ս. Էջմիածնի Մայր Տաճարը միշտ էլ գտնվել է Հայոց Հայրապետների և մեր աշխարհասփյուռ ժողովրդի առանձնահատուկ խնամքի և հոգածության ներքո, քանի որ միշտ դեպի Ս. Էջմիածին է պարզված եղել հայի հայացքը և ձեռքը, իսկ սիրտը տրոփել Մայր Տաճարից բխող օրհնությամբ: Այս իմաստով տարբեր ժամանակներում հարկ է նկատվել որոշակի մասնակի նորոգչական աշխատանքների: Այս անգամ խոսքը գնում է հնամենի տաճարի ամբողջական հիմնանորոգության և ամրակայման մասին. դրա անհրաժեշտությունը մատնանշեցին անցկացված ուսումնասիրությունները: Տաճարի վերանորոգման և ամրակայման բուն շինարարական աշխատանքները սկսվել են 2016 թվականին, սակայն դրանց նախորդել է հետազոտական և նախագծային աշխատանքների մի ամբողջ փուլ 2012 թվականից:
Panorama.am -Ամբողջական ե՞րբ կավարտվեն այդ աշխատանքները, քանի որ բավականին երկար ժամանակ է Մայր Տաճարը շրջապատված է արտաքին երկաթյա կաղապարներով:
Տեր Վահրամ- Այո, երկար ժամանակ է, ինչ Մայր Տաճարը պատված է շինարարական տախտակամածով, սակայն այդ ամենն անհրաժեշտ էր` կատարելու հսկայածավալ հետազոտական աշխատանքը: Ելնելով ծրագրված աշխատանքների բնույթից` առաջիկային ևս, կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ Մայր Տաճարն իր այցելուներին կդիմավորի նման հանդերձանքով: Այդուհանդերձ, փառք Աստծո, որ այսօր հասունացել է պահը, իսկ ավելի ճիշտ ընձեռվել է հնարավորությունը անելու անհրաժեշտը` ուղղված մեր ազգի հոգևոր մեծագույն սրբավայրի կյանքի երկարացմանը:
Սա մեծ պատասխանատվություն է և նաև երջանկություն` թե՛ մասնակիցը լինելու և թե՛ ականատեսը կարևոր ու պատմական նշանակություն ունեցող այս գործողության: Վստահ ենք, որ սա միևնույն ժամանակ գոհունակության և մխիթարության զգացում առաջացնում յուրաքանչյուր էջմիածնասեր հայորդու սրտում:
Panorama.am -Վերանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծի՞, արդյո՞ք նախագծից որևէ շեղում նկատվել է: Ո՞ւմ կողմից է հաստատվել վերանորոգման նախագիծը:
Տեր Վահրամ- Նշեմ, որ հետազոտական աշխատանքների արդյունքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նախ մշակվեցին բոլոր նախագծերը, ապա դրանք քննարկվեցին Հայաստանի մշակույթի նախարարության Գիտա-մեթոդական խորհրդի նիստերում: Հավանության արժանանալուց հետո նախագծերը առաքվեցին նաև ՅՈՒՆԵՍԿՕ, քանի որ Մայր Տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, և համաձայնեցվեցին պատկան կառույցների հետ: Այդ ամենից հետո միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվեց այս կարևոր նախագծի հաջորդ փուլը` շինարարական աշխատանքները, որոնք ևս պետք է իրականացվեն փուլ առ փուլ: Աշտատանքները նոր են մեկնարկել, դեռ որևէ շեղում չի արձանագրվել:
Panorama.am -Վերջին անգամ ե՞րբ էին վերանորոգման, ամրակայման աշխատանքներ իրականացվել Մայր Տաճարում:
Տեր Վահրամ - Ինչպես նշեցինք, այսպիսի ամբողջական հիմնանորոգություն Մայր Տաճարը երբեք չի ունեցել: Մասնակի նորոգություններ կատարվել երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետության շրջանում, 50-ական թվականներին, երբ եղան նորոգություններ, թարմացվեցին նաև տաճարի որմնանկարները: Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրոք` 2001 թ. 1700-ամյակի տոնակատարություններից առաջ վերստին ամբողջությամբ թարմացվեցին և վերականգնվեցին որմնապատկերները նաև Տաճարի վերանորոգչական, հարդարման աշխատանքներ կատարվեցին 2008 թվականին:
Լուսանկարները՝ Տ. Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Պապի այցից առաջ վերականգնվում են Մայր Տաճարի որմնանկարները
- Առանց մարմարի հնարավոր չէր իրականացնել Վեհարանի վերանորոգումը. Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին