Սերգեյ Կյուրեղյանը դատարան տեղափոխվելիս գլխի վնասվածք է ստացել
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով 18 անդամի դատավարության ժամանակ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը դատարանի խուց տեղափոխվելիս գլխի վնասվածք է ստացել:
«Խնդրում եմ այդ հարցի պարզաբանման համար դատական նիստերի դահլիճ հրավիրել Սերգեյ Կյուրեղյանին»,- ասաց դաատավորը, ապա հավելեց, որ կազմվել է զեկուցագիր, արձանագրություն:
Նա ընթերցեց արձանագրությունը. «Սույն թվականի հուլիսի 13-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տարածքում ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը մեքենայից իջեցնելուց և իրեն համար նախատեսված խուց ուղեկցման ժամանակ գլուխը պատահաբար խփել է մուտքի ծածկի տակ ամրացված երկաթյա ամրակին և ճակատային մասում վնասվածք ստացել: Արձանագրությունը կազմել է ուղեկցող գումարտակի առաջին վաշտի հրամանատարը, ստորագրել է Սերգեյ Կյուրեղյանը»:
Այնուհետև դիմելով դատարանում գտնվող Սերգեյ Կյուրեղյանին՝ հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Վերջինս ասաց. «Աստիճաններն իջնելուց գլուխս կպել է դռան վերևի մասին»:
«Ձեր նկատմամբ կարո՞ղ է որևէ մեկը բռնի գործողություն է կատարել, թե՞ պատահաբար է դիպել»,- հարցրեց դատավոր Գաբրիելյանը:
Ամբաստանյալ Կյուրեղյանն ասաց. «Չէ, չէ, պատահաբար է դիպել»:
Դատավորը տեղեկացրեց, որ համապատասխան հետաքննիչ է հրավիրվել, կատարվում է հետաքննություն:
«Հաշվի առնելով, որ այս պահին կատարվում է հետաքննություն, դատարանը համապատասխան իրավապահ մարմիններին դիմելու կարիք չի տեսնում»,- ասաց Ա. Գաբրիելյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ամբաստանյալ Լուսինե Սահակյանի» նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
- Փաստաբանները միջնորդեցին հետաձգել «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- «Համոզվա՞ծ եք, որ Արամ Մանուկյանը ոտքի չի կանգնում դատարանում առողջական խնդիրների պատճառով»
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը