Որտե՞ղ է թաքնված Զաքիր Հասանովի սուտը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր արդեն քառամյա պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ ս.թ. հուլիսի 13-ին հարցազրույց է տվել արտասահմանյան լրատվամիջոցի, ինչն արդեն իսկ ցուցիչ է, որ ադրբեջանական բանակը առնվազն քարոզչական տիրույթում որոշակի խնդիրներ ունի:
Սակայն ավելի ուշագրավ է, որ ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը տված այդ հարցազրույցում Ադրբեջանի թիվ մեկ զինվորականը հայտարարել է, թե 2017թ.-ի ընթացքում ադրբեջանական բանակի ֆինանսավորումն ավելացել է 17-20%-ով։
Օգտվելով առիթից, Զ. Հասանովի հրապարակած տոկոսային ցուցանիշները տարբեր շեշտադրումներով որպես հրապարակումների վերնագրեր անմիջապես օգտագործել են նաև ադրբեջանական տարբեր ԶԼՄՆ-եր՝ մոռանալով կամ չցանկանալով ճշտել դրանց իսկությունը։
Մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարի ներկայացրած տվյալները, մեղմ ասած, չեն համընկնում կամ ավելի ճիշտ՝ լրջորեն հակասում են կամ 2016 և 2017թ.-ի պետական բյուջեի մասին Ադրբեջանական Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի և 8.2-ի 1-ին ենթակետի հետ։
Ըստ նշված պետական փաստաթղթի՝ 2016թ.-ին այս երկրի պետական բյուջեից պաշտպանության ոլորտին հատկացվել է 1.837.821.237 մանաթ, որից 1.723.482.961 մանաթը՝ զինված ուժերին, իսկ 2017թ.-ին ԱՀ պաշտպանության ոլորտին հատկացվել է միայն 1.615.359.868 մանաթ, որից միայն 1.486.905.140 մանաթը՝ զինված ուժերին։ Սա նշանակում է, որ 2016թ.-ի համեմատ՝ ԱՀ պետական բյուջեից պաշտպանության ոլորտին կատարված հատկացումները նվազել են 12.1%-ով, իսկ հենց զինված ուժերինը՝ 13.73%-ով։
ԱՀ պաշտպանության նախարարի հայտարարության և այդ երկրի ֆինանսական հիմնական փաստաթղթերի միջև առկա հակասության մեկնման, թերևս, երկու տարբերակ գոյություն ունի:
Համաձայն առաջինի՝ Զ. Հասանովը կեղծ տվյալներ է հրապարակել, որոնք ուղղված են մի կողմից Հայաստանի դեմ, իսկ մյուս կողմից ադրբեջանական լսարանի սպառման համար են, այսինքն՝ տարածել է ակնհայտ ստահոդ տեղեկատվություն։
Հակառակ պարագայում, եթե հավատանք նրան, պետք է կարծել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը 2017թ.-ի պետբյուջեի մասին օրենքում թաքցրել է ռազմական ոլորտի ֆինանսական հատկացումների իրական ծավալները, ավելին՝ միտումնավոր կերպով փորձել է ցույց տալ այդ ոլորտի ֆինանսավորման կրճատում։
Հաշվի առնելով քարոզչական դաշտում Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից մշտապես արվող կեղծ հայտարարությունների հանգամանքը, որոնք հատկապես սուր են դրսևորվում ռազմական ոլորտի առնչությամբ, պետք է նշել, որ ամենայն հավանականությամբ, այստեղ ևս նույն մոդելն է աշխատել։
Ասվածին զուգահեռ, երկրորդ տարբերակի իսկության հավանականությունը թվում է ցածր՝ ելնելով այն հանգամանքից, որ նավթի գնի անկումը և ազգային արժույթի արժեզրկումը ամբողջ 2016թ.-ի ընթացքում և հատկապես դրա երկրորդ կիսամյակում լուրջ սոցիալական խնդիրներ էին հարուցել Ադրբեջանում, ուստի 2017թ.-ի բյուջեի հաստատումը՝ տարբեր գերատեսչություններին, այդ թվում և պաշտպանական, հատկացվող ֆինանսների կրճատմամբ տրամաբանական է և կանխատեսելի։
Այնուամենայնիվ, եթե ճիշտ է երկրորդ տարբերակը, ապա ստացվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը «մանկական միամտությամբ» փաստացիորեն բացել է պետական գաղտնիք՝ նաև հայկական կողմին ակամայից փոխանցելով գաղտնի տեղեկատվություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան