«Արվեստը բոլորի համար» կրթական ծրագիրն այս անգամ անցկացվեց Սոս մանկական գյուղի երեխաների համար
Հունիսի 10-ից սկսած «Արվեստը բոլորի համար» նախագծի կրթական ծրագրերին մասնակցեց Կոտայքի ՍՕՍ Մանկական Գյուղի 36 երեխա (6-16 տ.) տարբեր տարիքային խմբերով։
«Ռոստելեկոմ» ընկերությունից հայտնում են, որ խմբերին համապատասխան ընտրվել էին «Փազլ, ուրվագիծ, նկարագրություն», «Իմ տունն իմ ամրոցն է», «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ», «Կռահիր նկարը» ծրագրերը (յուրաքանչյուր խումբ մասնակցեց երկու ծրագրի)։
«Ռոստելեկոմը» Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հետ 2016թ․ վերջից իրականացվում է «Արվեստը բոլորի համար» համատեղ նախագիծը, որի շրջանակներում կրթական ծրագրերին մասնակցում են խնամքի կենտրոնների, մանկատների, հատուկ կարիքներ ունեցող և այլ խմբերի երեխաներ։
Կրթական ծրագրերը Ռուսական արվեստի թանգարանում մշակվել են թանգարանագետ-մանկավարժների, հոգեբանների և արվեստաբանների համատեղ աշխատանքի արդյունքում՝ նպատակ ունենալով առավել ինտերակտիվ ու մատչելի դարձնել արվեստի ընկալումը երեխաների համար։
Ծրագրի մեկնարկին «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշել էր, որ արվեստի ընկալումն ու շփումը երեխաները պետք է սկսեն դեռ մանկուց, և ընկերությունների պարտքն է աջակցել, որպեսզի բոլոր երեխաներին հասանելի դառնան նմանօրինակ ծրագրերը։
Առաջնորդվելով թանգարանների ոչ ֆորմալ կրթական գործունեության միջազգային փորձով՝ մասնագետները նախադպրոցականների և դպրոցականների համար իրականացնում են կրթական հիմական չորս ծրագիր, որոնք միտված են զարգացնելու երեխաների ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը, տեսողական հիշողությունը, ինչպես նաև հարստացնելու կերպարվեստի վերաբերյալ գիտելիքներն ու բառապաշարը, գեղեցիկի նրանց ընկալումը, գեղագիտական զգացողությունը: