Հայաստանի դեսպանության առջև ադրբեջանցիների կողմից կազմակերպված ցույցը ձախողվել է
Չեխիայում ՀՀ դեսպանության առջև ադրբեջանցիների կողմից կազմակերպված ցույցը ձախողվել է: Այս մասին գրում է «Օրեր» պարբերականը: Ադրբեջանցիների դեմ հակացույց էր կազմակերպվել:
Ադրբեջանցի ցուցարարներին դիմավորել են հայկական դեսպանատան աշխատակիցներն ու Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները` Հայաստանի, Արցախի ու Չեխիայի դրոշներով, ողջ փողոցում լսելի ազգային-հայրենասիրական բարձր երաժշտությամբ ու տասնյակ ցուցապաստառներով, որոնց մեջ էին նաև «Մարդկային վահանի ետևում թաքնվելն անբարոյական է», «Մարդկային վահանի ետևում թաքնվելն անբարոյական է», «Կանգնեցրեք ագրեսոր Ալիևին», «Լեռնային Ղարաբաղն ազատ պետություն է», Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի հայտնի գնահատականը` «Ադրբեջանը ոչ միայն խախտել է հրադադարը, այլ իր խաղաղ բնակչությանը կիրառում է իբրև մարդկային վահան» և այլն։
Ըստ աղբյուրի, ադրբեջանցիներին հատկացված մեկ ժամվա ընթացքում ադրբեջանցի ցուցարարները հնարավորություն ստացան լսել Հայ զինվորներին, հայոց բանակին, Անդրանիկ զորավարն ձոնված շատ սիրված երգեր, ինչպես նաև Արամ Խաչատրյան ու System of a Down:
Չեխիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը պարբերականին ասել է. «Մեզ հասած տեղեկություններով Չեխայում բնակվող ադրբեջանցիներն ամենայն հավանականությամբ Բաքվից իջեցված հրահանգով կազմակերպեցին փոքրաթիվ այս բողոքի ակցիան Չեխիայի ՀՀ դեսպանատան առջև։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ մտացածին խնդիրների առնչությամբ բողոքների անցկացումը ոչ մի հանգրվանի չի հասցնի։ Ավելի արդյունավետ կլիներ, որպեսզի նրանք իրականացնեին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների միջնորդությամբ վստահության մթնոլորտ ձևավորելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայկական կողմը բազմիցս դատապարտել է ադրբեջանական զինուժի` սեփական խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու գործողությունները։ Չեխիայի հայ համայնքի համակարգված գործողության շնորհիվ ըստ էության ադրբեջանցիների կազմակերպած սադրանքը տապալվեց»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին