Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն նախօրեին հանդիպել է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, փառատոնի մասնակիցները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրան»-ի անցած ուղու, ձեռքբերումների, ինչպես նաև այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին:
Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնին, որում մասնավորապես ասված է.
«Ողջունում եմ «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին, հյուրերին և առանձնահատուկ շնորհակալություն հայտնում կազմակերպիչներին, որոնք հետևողականությամբ և նվիրվածությամբ ամեն տարի Երևանի և մայրաքաղաքի հյուրերի համար արարում են այս սպասված տոնը:
Հայկական ամենահեղինակավոր այս կինոփառատոնը ոչ միայն հաճելի պահեր է պարգևում մեր հանդիսատեսներին, այլև կարևոր ուսուցողական նշանակություն ունի երիտասարդ արվեստագետների համար՝ գեղագիտական և աշխարհայացքային աճի տեսանկյունից: Այս փառատոնը նաև կոչված է ստեղծելու համապատասխան հոգևոր-մշակութային միջավայր և մթնոլորտ, առանց որոնց դժվար է պատկերացնել ստեղծագործական թռիչքներ:
Գոհունակությամբ ենք արձանագրում «Ոսկե ծիրանի» հավատարմությունը հայկական կինոյի պատմությանը և ավանդույթներին: Մեր դասական ժառանգությունը և ժամանակակից գործերը կարիք ունեն հանրահռչակման: Հայկական կինոարվեստը մենք մշտապես պետք է քննենք և դիտարկենք համաշխարհային և միջազգային համատեքստում:
Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, որ մեզանում դարձել է բարձր ճաշակի, ճշմարիտ արվեստի, ինչպես նաև խաղաղասիրության ու մարդասիրության գաղափարների կրող և մունետիկ»:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- «Եղիցի լույս» մրցանակն այս տարի շնորհվել է Տիգրան Մանսուրյանին, ով իր մեջ կրում է հոգևորը, լուսավորն ու հանճարը
- «Ոսկե ծիրան»-ը կինոտոն լինելուց բացի, կարևոր առաքելություն է ստանձնել. Ռալֆ Յիրիկյան
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին