Հայաստանում գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ կհիմնվի
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-ԴԻ) և իտալական IDS ընկերության համագործակցությամբ Հայաստանում գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ կհիմնվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
Նշենք, որ փետրվարի 24-ին ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-ԴԻ) ընկերության միջև ստորագրված «ՏՏ, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս(Թի-Էս-ԴԻ) ընկերության և IDS ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր Հայաստանում Գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին:
«Մենք թիրախավորել ենք ամբիցիոզ ցուցանիշ, մասնավորապես, արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնել 40 տոկոսի, իսկ դրան հասնելու համար պետք է ձևավորել գիտելիքային տնտեսություն և իրականացնել ներդրումներ գիտահետազոտական ոլորտում»,- ասաց Էմիլ Տարասյանը:
Ըստ փոխնախարարի՝ ծրագիրը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում: IDS ընկերությունը կողմից նախատեսվում է կատարել մինչև 10 մլն եվրո ներդրում: Սկզբնական շրջանում աշխատանքներ կիրականացվեն Թի-Էս-Դի արտադրամասի R&D հետազոտական կենտրոնում, հետագայում` ծավալի մեծացմանը զուգընթաց կհիմնվի առանձին կենտրոն:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը նշեց, որ բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել միավորել Թի-Էս-Դիի և IDS ընկերությունների ուժերը, և Հայաստանում ստեղծել բարձր տեխնոլոգիաների արտադրական նոր ուղղություն: «Ամբողջ աշխարհում արագ տեմպերով զարգանում է ֆորենզիկ գիտությունը, որը հանդիսանում է ՏՏ ոլորտի մասնիկներից մեկը: Այն բավականին ծանր, բայց ահռելի մեծ պոտենցիալ ունեցող նոր ճյուղ է աշխարհում, և մասնագետների կարիքն ավելի քան 90 տոկոս է կազմում»,- ասաց Վահան Շաքարյանը:
Նա նաև հայտնեց, որ իրենց ընկերությունը զբաղվում է ֆորենզիկ գիտությամբ, ուստի համատեղելով ուժերը՝ համշախարհային շուկայում կկարողանան հասնել լուրջ հաջողությունների:
Իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պատանտեն էլ ասաց, որ Հայաստանում տեխնոլոգիական հիմքն ամուր է, թեև սկզբնական շրջանում նախատեսել են ծրագրեր իրականացնել ֆորենզիկ գիտության ուղղությամբ, սակայն դրանով չեն սահմանափակվելու: Հետագայում, ըստ նրա, չի բացառվում, որ այլ ոլորտներում ևս գործունեություն ծավալեն:
Նշենք, որ ֆորենզիկ գիտությունը տարբեր գիտությունների (հոգեբանություն, մանկավարժություն, կենսաբանություն, տնտեսագիտություն, ֆիզիկա, մաթեմատիկա, ծրագրավորում, ինժեներիա և այլն) համագործակցություն է ներառում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին