Արդար չէ, որ Արցախը դուրս մնա եվրոպական ինստիտուտների ուշադրությունից. Ռուբեն Մելիքյան
Արցախում Եվրոպայի ներգրավվածությունը կարևոր է նախևառաջ քաղաքակրթական պատճառներով, և ամենևին արդար չէ, որ Եվրոպայի մաս հանդիսացող Արցախը դուրս մնա եվրոպական ինստիտուտների ուշադրությունից: Արցախին եվրոպական մարդասիրական կազմակերպությունների կողմից օգնություն տրամադրելու ՀԲԸՄ այսօրվա միջոցառման ժամանակ այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«2016 թվականի ապրիլյան դեպքերը պետք է ընդունել որպես բաժանարար գիծ: Այդ իրադարձություններից հետո արցախյան հիմնախնդիրների նկատմամբ սփյուռքյան կառույցների ուշադրության ակնհայտ մեծացում եմ տեսնում: Դա մասնավորապես վերաբերում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը: Ծրագրի հետ կապված ակնկալիքներից ամենամեծը հենց Եվրոպայի ներկայությունն է Արցախում»,- նկատեց Ռուբեն Մելիքյանը:
Արցախի ՄԻՊ-ի խոսքով, ինքը կարևորում է հատկապես եվրոպական իրավապաշտպան հանրության ներգրավվածությունն Արցախում, ինչը կբարձրացնի ինչպես ներքին կյանքում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը, այնպես էլ դրական ազդեցություն կունենա խաղաղության պահպանման տեսանկյունից:
Հարցին՝ արդյոք Արցախում մարդու իրավունքները պաշտպանվո՞ւմ են եվրոպական չափորոշիչներին համապատասխան, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Մենք գոնե փորձում ենք: Մեր հնարավորությունների սահմանում անընդհատ փորձում ենք իրավական դիրքորոշումներն արտահայտել, հղում անել եվրոպական իրավապաշտպան համակարգին: 2015 թվականից Արցախն իր համար պարտադիր համարեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»:
Արցախի ՄԻՊ-ը չպատասխանեց Արցախի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հարցին՝ նշելով, որ իր մանդատը բացառապես մարդու իրավունքներով զբաղվելն է՝ անկախ քաղաքական դասավորվածությունից:
Միջոցառմանը ներկա ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Դալար Կազանջյանն էլ իր հերթին նկատեց, որ թեև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կարողանում է սփյուռքից Արցախի համար զգալի գումարներ և նվիրատվություններ հանգանակել, սակայն առավել կարևորում է միջազգային կառույցների ներգրավվածությունն Արցախի հասարակական կյանքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան