Ինչ խնդիրներ են բարձրացրել ՀՀ ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների պատգամավորները -1
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր ընտրված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները խորհրդարանի ամբիոնը օգտագործում են հիմնականում ներհամայնքային խնդիրներ բարձրաձայնելու համար, թեև գործուն մասնակցություն են ցուցաբերում նաև օրենսդրական մյուս բոլոր ակտերի մշակմանը։ Panorama.am-ի թղթակիցը քուրդ և եզդի պատգամավորներից՝ Կնյազ Հասանովից և Ռուստամ Մախմուդյանից հետաքրքրվեց՝ մինչ այժմ որո՞նք են եղել առավել կարևոր, համայնքին հուզող խնդիրները, որոնք նրանք փորձել են ներկայացնել խորհրդարանում։
Panorama.am- Պարոն Հասանով, կնշե՞ք մի քանի խնդիր, որոնք բարձրաձայնել եք Ազգային ժողովում կամ պատրաստվում եք բարձրաձայնել՝ որպես քուրդ պատգամավոր։
Կնյազ Հասանով- Առաջինն անդրադարձել եմ համայնքների խոշորացման խնդրին։ Ես և եզդիական համայնքից ընտրված պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը խնդրել ենք, որպեսզի քրդաբնակ և եզդիաբնակ 11 գյուղերը միավորվեն։ Այնուհետ, Կրթության և գիտության նախարարից խնդրել եմ չմիավորել այդ համայքնների դպրոցները, որովհետև քուրդ երեխաները չեն կարող գյուղից գյուղ գնալ՝ ուսում ստանալու։ Քրդական ազգային ավանդույթների համաձայն՝ մենք մեր աղջիկներին 16-17 տարեկանում ամուսնացնում ենք, իսկ այդ տարիքի աղջիկների ծնողները ոչ մի կերպ չեն համաձայնի իրենց երեխային միայնակ կողքի գյուղ ուղարկել։ Սա կբերի նրան, որ քուրդ շատ երեխաներ անգրագետ կմեծանան։
Panorama.am- Համաձայնե՞ց արդյոք ԿԳ նախարարը Ձեր առաջարկին։
Կնյազ Հասանով- Ասաց, որ այս հարցի նկատմամբ ուշադիր կլինի։ Մի բան խնդրեցի՝ ասացի, որ քրդերեն լեզվի ուսուցիչներն այլևս տարեց են, իսկ նոր ուսուցիչներ չկան։ Խնդրեցի քրդական համայնքի դիմորդներին արտոնյալ կարգավիճակ տալ, որպեսզի նրանք հայաստանյան բուհերի քրդագիտական բաժին ընդունվեն արտամրցութային կարգով՝ հետագայում ապահովելու քրդերենի մասնագետների անհրաժեշտ թվաքանակը։ Դիմել եմ նաև ՀՀ մշակույթի նախարարին՝ քրդերենով թերթերի լույսընծայման հարցով։ Ճիշտ է, պետական աջակցություն կա, սակայն այն լիարժեքորեն չի բավարարում տպագրական ծախսերին։ Նախարարը խոստացավ քննարկել հարցը և հնարավորության դեպքում ընդառաջել։
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հետ։
Panorama.am- Պարոն Մախմուդյան, որո՞նք են եզդիական համայնքի խնդիրները, որոնք բարձրաձայնել կամ պատրաստվում եք բարձրաձայնել Ազգային ժողովում։
Ռուստամ Մախմուդյան-Իմ կողմից բարձրաձայնված առաջին հարցը ևս վերաբերել է ՀՀ վարչատարածքային բաժանմանը՝ ազգային փոքրամասնությունների համայնքերը մեկ փնջային տիրույթում միավորելու գործընթացին։ Եզդիական մեկ գյուղ, որը գտնվում է Արմավիրի մարզում, ինքն իրենով դարձել է մեկ փնջային կառույց։ Բացի այդ՝ ԱԺ ամբիոնից ուշադրություն եմ հրավիրել մայրաքաղաքային սփռման հեռուստաաալիքները նաև մարզերում հասնելի դարձնելու խնդրին, այլապես կաբելային հեռուստատեսությունից օգտվելն ամեն ընտանիքի համար լրացուցիչ ծախս է։
Հ.Գ. Հատկանշական է, որ քուրդ և եզդի պատգամավորները մեզ հետ զրույցում նշեցին՝ ներհամայնքային խնդիրների բարձրաձայնմանը զուգահեռ՝ իրենք չեն անտեսում նաև համապետական նշանակության հարցերի վերհանումը։
(շարունակելի)
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ առաջին նիստը վարելը Կնյազ Հասանովի համար պատվաբեր էր և պարտավորեցնող
- Ինչ առաջնահերթություններով են հանդես գալու ԱԺ օտարազգի պատգամավորները
- Ասորական համայնքի խնդիրները մշակութային և կրթական են. Անահիտ Խոսրոև
- Եզդիական համայնքի պատգամավորության թեկնածու. ՀՀԿ-ի հետ կկարողանանք բարձրացնել մեզ հուզող խնդիրները լուծելու իրատեսականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները