ՓՄՁ-ների զարգացման խորհրդի նիստում ներկայացվել են Հարկային օրենսգրքում որոշ դրույթների հստակեցմանն ուղղված աշխատանքները
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգի առաջին հարցով ներկայացվել են Հարկային օրենսգրքում ՓՄՁ-ներին վերաբերող որոշ դրույթների հստակեցմանն ուղղված աշխատանքները: Նշվել է, որ շահագրգիռ գերատեսչությունների և բիզնես ասոցիացիաների ու միությունների մասնակցությամբ համատեղ քննարկումների արդյունքում ՓՄՁ-ների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր ներառվել են մշակվող օրենսդրական փոփոխությունների փաթեթում:
Հաջորդիվ քննարկվել են հարկերի կամ հաշվարկների ուշացման համար նախազգուշացումը որպես նախնական վարչական պատասխանատվության միջոց սահմանելու, լիզինգի՝ որպես այլընտրանքային ֆինանսական գործիքի զարգացման, ՀՀ քրեական օրենսգրքում առկա մի շարք տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման նպատակահարմարության վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել նիստի ընթացքում ներկայացված մի շարք առաջարկությունները՝ դրանք հստակեցնելու նպատակով:
Նիստում անդրադարձ է եղել նաև մի շարք այլ հարցերի: