Համազգային թատրոնի տնօրենը՝ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Մշակույթի նախարարությունը «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարել։
Այժմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, իսկ Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը: Panorama.am-ին տեղեկացրեց Վարդան Մկրտչյանը:
Նշենք, որ Սունդուկյան թատրոնի արդեն նախկին տնօրեն Ստեփան Դավթյանի 65 տարին լրացել էր և նաև չէր կարող պաշտոնավարել:
«Մշակույթի նախարարն է նշանակել իմ համաձայնությամբ»,- ասաց Վարդան Մկրտչյանը:
Նա նշեց, որ մասնակցելու է «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին, թեև դեռ հայտ չի ներկայացրել: Հարցին, թե ինչո՞ւ որոշեցիք հեռանալ Համազգային թատրոնից, Վ. Մկրտչյանը պատասխանեց, որ մրցույթում հաղթելու դեպքում կհրավիրի ասուլիս և կպատասխանի այդ հարցին:
Մրցույթը կայանալու է օգոստոսի 18-ին:
Նշենք, որ Վարդան Մկրտչյանը Համազգային թատրոնի տնօրենն էր 2009թ. թվականից: