Արցախում հեղինակային ֆիլմերի փառատոն է բացվել
Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում երեկ բացվել է «Մեծ կինոն` փոքր գյուղում» խորագրով ֆիլմերի փառատոնը, որը մեկնարկել է արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» հեղինակայի ֆիլմի ցուցադրությամբ:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Խաչմաչի դպրոցի տնօրեն Սերոբ Մնացականյանը, ով, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել Ջիվան Ավետիսյանին՝ նման գեղեցիկ նախաձեռնության համար և նշել, որ Սփյուռքի մեր հայրենակիցները, դիտելով այս յուրօրինակ ֆիլմը, նորից իրենց ձայնը կբարձրացնեն Արցախի անկախության ճանաչման հարցով:
«Մեզ համար շատ հաճելի է դիտել մեր համագյուղացի, տաղանդաշատ կինոռեժիսոր Ջ. Ավետիսյանի ֆիլմերը»,-իր խոսքի մեջ նշել է Ս. Մնացականյանը:
«Արցախպրես» հայկական լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը, ով նաև փառատոնի նախաձեռնողներից է, իր խոսքում, մասնավորապես ասել է. «Մեր նպատակն Արցախն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելն է: Կինոն քարոզչական ամենահզոր զենքերից մեկն է, և այն մենք պետք է ճիշտ օգտագործենք: Ջիվանը, լինելով արցախցի, կարողացել է արցախցու տեսանկյունից աշխարհին ճիշտ ներկայացնել արցախյան հարցը: Ե՛վ «Թևանիկը», և՛ «Վերջին բնակիչը» ֆիլմերում, որոնք նկարահանվել են Արցախում, այդ հիմնախնդրի ներկայացման հաջողված փորձն է»:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանն ասել է, որ իրենք ընկերներով նախաձեռնել են հեղինակային ֆիլմերի ցուցադրություն, որի մեկնարկը տրվել է հենց է իր պապենական Խաչմաչ գյուղից:
«Ցուցադրելու եմ իմ նկարահանած վերջին 3 ֆիլմերը՝ «Թևանիկ», «Ընդհատված մանկություն» և «Վերջին բնակիչը»: Նպատակ ունենք ցուցադրությունները դարձնել ամենամյա և միջազգային:
Ամեն տարի ես կհրավիրեմ նաև իմ գործընկերներին, ովքեր նույնպես իրենց հեղինակային ֆիլմերը կցուցադրեն մեր գյուղում: Այսպիսով, մենք նրանց ուշադրությունը կբևեռենք Արցախի վրա. գալով այստեղ՝ նրանք կծանոթանան Արցախի աշխարհագրությանն ու պատմական անցյալին ու ներկային, մեր մշակույթին, կենցաղին և որ ամենակարևորն է՝ ղարաբաղյան հիմնախնդրին: Այդ ամենն օտարերկրացիները հետագայում կօգտագործեն Արցախի մասին նկարահանվելիք իրենց ֆիլմերում: 12 տարի առաջ ես իմ հեղինակային ֆիլմով մասնակցել եմ միջազգային կինոփառատոների: Մարդիկ այն ժամանակ չգիտեն ո՛չ Արցախի, ո՛չ էլ ղարաբաղյան հիմնախնդրի մասին: Կինոյով ղարաբաղյան հարցը միջազգայնացնելու վառ օրինակ է «Վերջին բնակիչը» ֆիլմը. այն ունի միջազգային համարտադրողներ և օտարազգի դերասանական կազմ: Գլխավոր դերում հանդես եկող պարսիկ դերասանուհին եղել էր Արցախում, անձամբ շփվել մարդկանց հետ, լսել պատմություններ, հանդիպել մշակութային գործիչներին, քայլել փողոցներով, ապրել մեր առօրյայով, մոտիկից ճանաչել Արցախն ու արցախցիներին: Ի դեպ, նա հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»»:»,-ասել է Ջ. Ավետիսյանը:
Ջ. Ավետիսյանի խոսքով՝ եթե առաջարկներ լինեն, ինքը պատրաստ է իր ֆիլմերը ցուցադրել նաև Արցախի այլ գյուղերում ևս:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում