ՀՀ նախագահ. Մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ և զինամթերք
«Մեր զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է։ Մենք լուրջ սպառազինություններ էինք ձեռք բերել ինչպես մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը, այնպես էլ՝ դրանից հետո։ Այլ խնդիր է, որ ցանկացած ռազմական գործողություն՝ լինի դա մեկօրյա, մեկ տարվա, հինգ տարվա, դա դաս է, որը պետք է սերտես և հետևություններ անես։ Որովհետև հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրսևորվում, թե քո հակառակորդն ինչ է օգտագործում և ինչ ձևով է օգտագործում, և փորձես գտնել դրա հակաթույնը»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում խոսելով ապրիլյան պատերազմից հետո բանակի համալրումների մասին, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով 80-ականներ զենք ունենալու վերաբերյալ իր հայտարարությանը, որը տարատեսակ շահարկումների առիթ դարձավ քաղաքագիտական շրջանակների կողմից, ՀՀ նախագահն ասել է. «Իրենց քաղաքագետ կոչողները պետք է շատ լավ հասկանան, թե խոսքը որ լսարանում է հնչում և ինչ նպատակով է հնչում։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ այո, այն ժամանակ մենք չունեինք որոշ զինատեսակներ, որ Ադրբեջանը հասցրել էր ձեռք բերել։ Իսկ ինչ է՝ գաղտնի՞ք է արդյոք, որ Ադրբեջանը մեզնից հարուստ է, որ Ադրբեջանն ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա և այլն։ Գաղտնիք չէ։ Եթե որևէ մեկը կարող է ասել, որ ինքը երկու տարում կամ հինգ տարում կարող է Հայաստանը դարձնել ավելի հարուստ պետություն, քան Ադրբեջանը, այդ մարդուն պետք է հեռու քշել քաղաքականությունից։ Որովհետև դա «շառլատանություն» է, դա սուտ է։ Դրա համար շատ տևական ժամանակ է պետք։ Մենք և այն ժամանակ և այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնել այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը»:
Նախագահը նշեց, որ պատերազմում միայն զենքը չի հաղթում։ «Պատերազմի հիմնական գործող անձը զինվորն ու սպան են, զինվորն ու հրամանատարն են։ Եվ այդ զինվորն ու հրամանատարը պետք է ունենան ոչ թե ամենաժամանակակիցը, որովհետև դա անհնար է, որևէ երկրի համար է անհնար, այլ բավարար զինատեսակ և զինամթերք՝ խնդիրը լուծելու համար։ Այսօր մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ և բավարար զինամթերք»,-հավելեց Ս.Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ կերպ, որևէ տեղ չենք խոսել զիջումների մասին. Նախագահը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին
- Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա աշնանը
- ՀՀ նախագահ. Մինսկի խմբի անդամները հստակ գիտեն՝ որ կողմն է նախահարձակ լինում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան