Նախարարն առաջարկել է մշակել ավտոկայարանների զարգացման ծրագիր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Աբովյանի և Հրազդանի ավտոկայարաններ։
Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, Աբովյան քաղաքի ավտոկայարանի մեծ սպասասրահի տարածքը չի օգտագործվում։ Ավտոկայարանի շենքը հին է, խորհրդային տարիներին կառուցված, բայց լավ պահպանված է։ Տնօրենը նշել է, որ ավտոկայարանը հիմնականում որպես կայանատեղի է ծառայում Երևան գնացող ու վերադարձող ավտոբուսների համար։ Երբեմն մոտակա շենքերից են ուղևորներ լինում, բայց հիմնական մասը քաղաքային կանգառներում է սպասում, որովհետև ավտոկայարանը բնակելի թաղամասերից հեռու է։ Միջմարզային և ներմարզային տրանսպորտն էլ, ըստ ուղղությունների, քաղաքի ծայրամասերից է մեկնում։
Ավտոկայարանի տարածքը նպատակային օգտագործելու նպատակով նախարարն առաջարկել է մշակել ավտոկայարանի զարգացման ծրագիր և հանձնարարեց միջոցներ ձեռնարկել՝ բոլոր երթուղիները ավտոկայարանում կենտրոնացնելու համար։
Հրազդանի նախկին ավտոկայարանի տարածքը վաղուց իր նպատակին չի ծառայում։ Շենքի մի մասը վարձակալությամբ է տրված, մյուս մասը՝ վերականգնման ու վերանորոգման կարիք ունի։
Նախկինում տրանսպորտային ցանցն այնպես էր նախատեսված, որ քաղաքային տրանսպորտի երթուղիները ավտոկայարանի մոտով էին անցնում։ Հիմա միջմարզային և ներմարզային տրանսպորտը կայանում է ավելի խիտ բնակեցված թաղամասին մոտ տարածքում, բնակիչներին առավել հարմար վայրում։
Այստեղ ևս նախարարը հանձնարարել է դիտարկել ավտոկայարանի հետագա գործունեության հնարավորությունները։
Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է նաև Ծաղկաձոր, որտեղ քաղաքապետ Արթուր
Հարությունյանի հետ քննարկվել են երթուղային ցանցին և ճանապարհների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան