«Սոսե 2017». 132 ֆիլմ 39 երկրից
«Սոսե 2017» միջազգային կինոփառատոնին մասնակցելու ավելի քան 300 ֆիլմի հայտ է ներկայացրել 59 երկրի ներկայացուցիչ։ Փառատոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, ամենաշատ քանակությամբ ֆիլմերը ներկայացված են Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից: Հայաստանից նախնական փուլն անցել է 7 ֆիլմ:
Հաշվի առնելով կինոփառատոնի չափորոշիչներն ու կանոնակարգը՝ նախնական ընտրական փուլն անցել է 39 երկրից 132 ֆիլմ, որոնք կմրցեն «Բովանդակությունը՝ կին», «Ուսանողական» և Հիմնական մրցութային ծրագրերում։
Հիմնական մրցութային ծրագրում մասնակցում են բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական):
«Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրին մասնակցող ֆիլմերի հեղինակները խոսում են կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների, ընտանիքում և հասարակության մեջ նրա դերակատարման մասին:
Իսկ «Ուսանողական» մրցութային ծրագրին մասնակցում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողներն իրենց աշխատանքներով առանց ժանրային կամ թեմատիկ սահմանափակման:
«Սոսե 2017» միջազգային կինոփառատոնի նախնական ընտրական փուլն անցած ֆիլմերի ամբողջական ցանկը՝ այստեղ: