«Բիբլիո-Գլոբուսում» մեկնարկել է «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը
Ռուսաստանի մայրաքաղաքի Մյասնիցկայա փողոցում գտնվող ինտելեկտուալ կենտրոնում մեկնարկել է «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը»: ԴԻԱԼՈԳ կազմակերպության կողմից նախաձեռնված միջոցառումը նվիրված է եղել կազմակերպության գործունեության հարյուր օրվան: Կազմակերպության հաղորդմամբ, միջոցառմանը մասնակցել են ռուսաստանյան խորհրդարանականներ, գիտնականներ, վերլուծաբաններ, Մոսկվայի հայ և բաշկիր համայնքների ներկայացուցիչներ, ՌԴ ԱԳՆ և Մոսկվայում Հայաստանի դեսպանության աշխատակիցներ:
«Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը ներկայացրել է ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:
«Ծրագրի շրջանակներում ռուսաստանյան տարբեր հարթակներում կկազմակերպվեն Հայաստանի պատմության, մշակույթի և ժամանակակից կյանքի նշանակալից էջերին նվիրված ձեռնարկներ` տարբեր ազգերի մեր բարեկամների մասնակցությամբ», -նշել է նա:
Ծրագրի առաջին հյուրը ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր Ռաֆայիլ Զինուրովն է եղել: Սենատորը «Հայաստան. հազարամյակների ուղի…» եռահատորյակի հեղինակն է:
Գիրքը ռուսերենով գոյություն ունեցող բոլոր պատմական աղբյուրների օգտագործմամբ շարադրված է չափածո կերպով, ուր պահպանվել են արևելյան պոեզիայի լավագույն ավանդույթները, պատմել է Նավոյանը:
«Բաշկիր հեղինակի և ռուսաստանյան քաղաքական գործչի աշխատությունը ներկայացնում է Հայաստանի համակարգված պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրերը չափածո շարադրանքով: Սա նոր և նշանակալի ավանդ է հայագիտությունում: Զինուրովը խորապես հրապուրված է Հայաստանի պատմությամբ և մշակույթով»,-նշել է ԴԻԱԼՈԳԻ նախագահը:
Գիրքը, Նավոյանի խոսքերով, ունի լուսավորչական, հանրագիտարանային և գործնական նշանակություն, ինչպես նաև «ազգամիջյան և միջկրոնական երկխոսության վառ օրինակ է»:
Եռահատորյակի հեղինակը այն գրել է ութը երկար տարիների ընթացքում: Այժմ իր աշխատությունը նա համարում է Հայաստանի պատմության, ազգագրության և ռազմական գործի տեղեկատու:
«Հայ ժողովուրդը կանգնած է հնագույն քաղաքակրթության գլխին, դրա համար էլ ես որոշեցի գրել այս գիրքը», -ասել է Ռաֆայիլ Զինուրովը:
Հայաստանը վերապրել է տասնյոթ կայսրություն, և նրանցից յուրաքանչյուրը, հեղինակի խոսքով, ցանկացել է իր մեջ լուծարել հայ ժողովրդին: Բայց դա տեղի չի ունեցել:
«Հայերին հաջողվել է կլանումից խուսափել իրենց հատուկ խառնվածքի, սեփական գրի և հայ եկեղեցու շնորհիվ»,- համարում է Զինուրովը:
Յուրի Նավոյանը նշել է, որ Ռաֆայիլ Զինուրովը այժմ Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի դոկտորանտ է և նախատեսում իր երկրորդ` այս անգամ պատմագիտական դոկտորական ատենախոսությունը պաշտպանել Հայաստանում:
Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սվարանցը Ռաֆայիլ Զինուրովի աշխատությունը համարել է «հիմնարար աշխատանք չափածո կերպով»:
«Մասնագիտական հասարակայնության ներսում «պատմական պատերազմների» դարաշրջանում ծայրահեղորեն բարձրանում է հրատապ և օբյեկտիվ ուսումնասիրությունների պահանջը: Աջ ու ձախ տեղի է ունենում պատմության կեղծարարություն, երբ մի ժողովրդի ձեռքբերումը ցածրացվում է մյուսի շահերի համար: Այդ շահարկումները պատմության և ակադեմիական գիտության հետ ոչ մի աղերս չունեն: Զինուրովի աշխատությունը որոշակի քաղաքացիական սխրանք է»,- նշել է նա իր ելույթում:
Ալեքսանդր Սվարանցը հատուկ ուշադրություն է դարձրել հայ և ռուս ժողովուրդների դարավոր հարաբերություններին` հղում անելով Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին:
«Նախագահն ասել է, որ մենք իհարկե, հպարտանում ենք այդ բարեկամությամբ, բայց դա ամենօրյա հսկայական աշխատանք է: Հատկապես երիտասարդության հետ աշխատանքը: Ամեն մի սերունդ պետք է այդ բարեկամությունում իր ավանդն ունենա», -հավելել է նա:
Նա շնորհակալություն է հայտնել Ռաֆայիլ Զինուրովին` նրա հասարակական և քաղաքական աշխատանքի համար, որը նպաստում է այդ բարեկամության ամրապնդմանը:
«Բաշկորտոստոնի հայրենակցություն» կազմակերպության փոխնախագահ Օլեգ Մալիկովը պատմել է, որ կազմակերպության գործունեությունն ուղղված է տարբեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Նրա խոսքերով, Զինուրովը ակտիվորեն նպաստում է հայ-ռուսական բարեկամության զարգացմանը: Ռաֆայիլ Զինուրովի շնորհիվ իրականացվել են մի շարք ծրագրեր Բաշկորտոստանի և Հայաստանի միջև:
Զինուրովը բազմակողմանի մարդ է: Լինելով ռուսաստանյան հայտնի քաղաքական գործիչ, նա ոչ միայն գրքեր է գրում, այլ նաև հրապուրվում է քանդակագործությամբ: Յուրի Նավոյանը պատմել է, որ մոսկովյան բաշկիրական համայնքի հետ միասին 2015 թ. ՌԴ Դաշնային Խորհրդում կազմակերպել են Զինուրովի քանդակների ցուցահանդեսը, որը բացել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Նման մեկ ցուցահանդես էլ ծրագրվում է կազմակերպել Երևանում, որից հետո հեղինակը նախատեսում է հայկական թեմաներով իր քանդակները նվիրել Հայաստանի պետական պատկերասրահին:
Միջոցառման մասնակիցները տարօրինակ են համարել այն, որ մինչև օրս Ռաֆայիլ Զինուրովի գործունեությունը չի արժանացել Հայաստանի որևէ պետական պարգևի:
«Ռաֆայիլ Զինուրովի անունը ժողովրդի կողմից ոսկե տառերով է գրված Հայաստանի բարեկամների ցանկում»,- նշել է Նավոյանը:
Նա նաև հրապարակել է այն գործիչների անունները, ովքեր վերջին տասը տարիների ընթացքում առաջ են մղում հայ-բաշկիրական ծրագրերը հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության շրջանակում:
Միջոցառման ավարտին հեղինակը իր գրքից մի հատված է կարդացել, որը նվիրված էր Ավարայրի ճակատամարտին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները