ԱԺ նախագահ. ՀՀ օրակարգում ռուսերենը պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա
Վերջերս ՌԴ-ում ընդունված՝ օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը մեծ դժվարություններ է առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին:
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, Ա. Բաբլոյանն առաջարկել է վերանայել այդ մոտեցումը:
Ի պատասխան ՀՀ խորհրդարանի ղեկավարի բարձրացրած խնդրի՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ այլ պետությունների վարորդական վկայականներով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու սահմանափակում մտցնող օրենքի ընդունումը պայմանավորված է եղել բացառապես երթեւեկության անվտանգությամբ, քանի որ, ըստ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի, աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետեւանքով չեն տիրապետում ՌԴ երթևեկության կանոններին, ինչպես նաև չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերում աշխատող ռուսական ծրագրերից: Հաշվի առնելով, որ օրենքն արդեն ընդունված է՝ իր հերթին Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ՀՀ-ում ռուսերենը օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել են բացառություններ:
Հակադարձելով այս առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա: ՀՀ խորհրդարանի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը:
Քննարկումների արդյունքում Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ռուսական կողմը բաց է քննարկումների համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում անդրադառնալ այդ հարցին՝ գտնելով հնարավոր այլընտրանքային լուծումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան