Փաստաբան. Փնտրում են արգելված իրեր՝ չունենալով արգելված իրերի ցուցակ
«Փաստաբանի անհրաժեշտությունը կարող է զգալ մեր 3 միլիոնանոց հանրապետությունում ցանկացած մեկը: Այդ պայքարի մեջ՝ անձ ընդդեմ պետության կամ պետություն ընդդեմ անձի, գոնե փաստաբանը պետք է լինի պետության ոտնձգություններից զերծ»,-«Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով հանրային քննարկմանն ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Հանրային քննարկումը կազմակերպվել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից:
Նրա խոսքով, փաստաբանը պետք է ունենա անկախության այն անհրաժեշտ երաշխիքները, որպեսզի պետությունը չկարողանա փաստաբանին խեղդել, ստիպել, որ իր վստահորդին պաշտպանելու փոխարեն ստիպված լինի պաշտպանել ինքն իրեն:
«Ցավոք, վերջին մի քանի ամիսների ընթացքում մի շարք քրեական գործերով զարգացումները ցույց են տալիս, որ պետությունը երբեմն նույնիսկ մի կողմ թողնելով քրեական գործով մեղադրվողներին, կենտրոնացել է փաստաբանների նկատմամբ համատարած ճնշումներին, ձեռնամուխ է եղել տարբեր միջոցներով փաստաբանների իրավունքների սահմանափակմանը, ստեղծում է իրավիճակներ, որտեղ նախապես կարելի է գուշակել, թե փաստաբաններն ինչպես իրենց կպահեն և փաստաբաններին դնում է անելանելի իրավիճակի մեջ»,- նշեց Հ. Ալումյանը:
Խոսելով դատարանի շենք մուտք գործելիս փաստաբանների զննության մասին, փաստաբանն ասաց, որ ամեն անգամ փաստաբաններին փորձում են խուզարկել:
«Հետաքրքիր է այն ընտրությունը, թե որ պահին են որոշել խուզարկել, որ պահին չեն խուզարկում: Շատ տարօրինակ ձևով է այդ ընտրությունը գնում՝ ում խուզարկեն, ում ոչ, երբ խուզարկեն, երբ ոչ: Այդ հարաբերությունները կառուցված են բացարձակ կամայականության վրա: Մենք ասում ենք խուզարկություն, իրենք դա անվանում են զննում: Այդ գործողությունը լինի խուզարկության կամ զննում, կատարվում է բացարձակ կամայականորեն»,- ասաց Հ. Ալումյանը:
Նրա խոսքով, ասում են, որ զննում են՝ արգելված իրեր փնտրելու համար, սակայն արգելված իրերի ցուցակ գոյություն չունի:
«Այսօր բնության մեջ գոյություն չունի փաստաթուղթ, որտեղ նշված լինեն արգելված իրեր, որոնք չի կարելի մտցնել դատարան: Ի՞նչ եք փնտրում: Ես ի՞նչ իմանամ, ձեզ համար արգելված իրը ո՞րն է»,- նշեց փաստաբանը:
Նա ասաց, որ ուզում են փաստաբանին այնպես ներկայացնել հանրությանը, որ հանրության մոտ նրանց նկատմամբ վստահությունը պակասի:
«Փաստաբանների նկատմամբ համատարած հետապնդում է իրականացվում, ովքեր մասնակցում են այն գործերին, որտեղ պետությունը, այսպես ասած, հայտարարագրել է, որ ունի կոնկրետ ու շատ կարևոր շահ, այն գործերով, որտեղ ամբաստանյալները մեղադրվում են այն բանում, որ փորձել են գնալ պետության դեմ»,- նշեց Հայկ Ալումյանը:
Փաստաբանի խոսքով, այսօր Հայաստանում գնում են շատ բացասական գործընթացներ կապված մարդու իրավունքների հետ:
«Եթե առաջ հարվածում էին ուղիղ մարդու իրավունքներին, հիմա փաստաբաններին են սկսել հարվածել, հասկացել են, որ եթե մարդու իրավունքների դեմ ուղիղ ճակատային հարձակում ես սկսում, փաստաբանները ձայն են բարձրացնում, Եվրոպական դատարան են դիմում, հայտարարություններ են անում, կարող են գործադուլ անել: Իսկ հիմա մարդու իրավունքների նկատմամբ հարձակումը սկսվել է փաստաբանների ողնաշարը կոտրելով: Դժբախտաբար, դա փորձելու են անել Փաստաբանների պալատի միջոցով»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հարուցվել է քրեական գործ՝ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ
- Հայկ Ալումյանը՝ Փոլադյանին. Ի՞նչ իրեր են արգելված ներս բերել դատարան
- Զննությունը չպետք է դառնա փաստաբանին ճնշելու գործիք. Արա Զոհրաբյան
- Փաստաբաններին քաշքշելու դեպքով ծառայողական քննություն է նշանակվել. Արա Զոհրաբյան
- Փաստաբան. Ի՞նչ տարբերություն պայուսակը խուզարկելու և զննության ենթարկելու մեջ
- Դատարանում քաղաքական գործընթացներ երբեք չեն կարող իրականացվել. Կարեն Փոլադյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին