Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հայ բասկետբոլիստները պատրաստվում են աշխարհի առաջնության նախընտրական փուլին։
Հուլիսի 24-29-ը հավաքականը Երևանում կանցկացնի ստուգողական հանդիպումներ։
Թիմի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը հավաքին հրավիրել է հետևյալ խաղացողներին` Ամիրան Ամիրխանով («Ուրարտու», Հայաստան), Քրիս Յանկու Օսկիյան («Սակարյա Բասկետ», Թուրքիա), Կարեն Չիվիչյան («Այդահո Բենգալս», ԱՄՆ), Ռայան Բոատրայթ («Ցեդևիտա», Խորվաթիա), Ալբերտ Թադևոսյան (առանց ակումբ), Ալլան Հեսս («Բազել Ստարվինգս» Շվեցարիա), Արտյոմ Թավակալյան («Դելեվր Սթեյթ», ԱՄՆ), Միքայել Պողոսյան («Ուրարտու», Հայաստան), Արկադի Մկրտիչյան («Այդահո Վանդալս», ԱՄՆ), Անդրանիկ Չրաբաշ («Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ), Արարատ Քոչինյան («Օրիոն», Ռուսաստան), Լուկաս Ֆիշեր («Գրան Կանարիա», Իսպանիա), Մեթյու Մադոյան («Ջոնսոն Ուելս», ԱՄՆ), Արամ Արսլանյան («Լեյք Ֆորեստ», ԱՄՆ):
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն են՝ Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան և Սլովակիան: Հայաստանն առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին` Սլովակիայի ընտրանու հետ: