ԱՄԷ ԱԳ նախարար. Հայաստանը բարենպաստ երկիր է զբոսաշրջության համար
Այսօր կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ իր գործընկերոջ այցելությունը տեղի է ունենում Հանրապետության Նախագահի՝ ընդամենը մի քանի ամիս առաջ Էմիրություններ կատարած այցից, հայ-էմիրաթական գործարար համաժողովի հաջող անցկացումից հետո, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկել այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև ձևավորված են ջերմ բարեկամական հարաբերություններ, փոխշահավետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում՝ շեշտելով, որ դրանում իր ներդրումն ունի նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքը:
Զրույցի ընթացքում ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել ենն երկկողմ համագործակցության հետագա զարգացման հարցերի լայն շրջանակ՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի խորացման, ներդրումների խթանման և մի շարք այլ հարցեր: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բարձր մակարդակով փոխայցելությունները, միմյանց մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը նպաստում են փոխգործակցության ամրապնդմանը, ինչին, նախարար Նալբանդյանի համոզմամբ, կնպաստի նաև Դուբայում վերջերս հիմնված Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:
Նախարարներ Նալբանդյանը և Ալ Նահայանը կարևորել են ԱԳ նախարարությունների միջև երկկողմ և միջազգային օրակարգին առնչվող հարցերի վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների անցկացումը:
Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը բարենպաստ երկիր է զբոսաշրջության համար, և վերջին շրջանում Էմիրություններից գրանցվել է զբոսաշրջիկների էական աճ:
Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանը ներկայացրել է արաբական թերակղզում վերջին զարգացումները և դրանց վերաբերյալ Էմիրությունների մոտեցումները։
Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ընդգծելով, որ եռախագահող երկները՝ հանդես գալով միջազգային հանրության անունից, շարունակաբար շեշտում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային գործըթացն այլընտրանք չունի և հիմնահարցը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման հիման վրա։
Հանդիպումից առաջ ԱՄԷ արտգործնախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին