«Նրանց աշխարհայացքում արդեն այդ տեսակ մեծը տեղ չունի, գժերի ցուցակում է». Գրիգոր Բրուտյան
Գիտնական Վիկտոր Համբարձումյանի տունը կառուցվել է 1950 թվականին: Նրա մահից երկու տարի անց՝ 1998 թվականին, այն վերածվել է տուն-թանգարանի: Տարիներ շարունակ տուն-թանգարանի տնօրեն Գրիգոր Բրուտյանը բարձրաձայնում է, որ այն հիմնանորոգման կարիք ունի, սակայն անարդյունք:
«Շենքը չափազանց հին է: Կառուցվել է 1950 թվականին՝ այն ժամանակվա հնարավորություններով: Հիմքը կառուցված է տուֆ քարից՝ շլամի և ավազի շաղախով, որը հիմա քայքայված վիճակում է: Շենքից վերև, ներքև այգիներ են, հենց ջրում են, տուֆե հիմքն անմիջապես քաշում է խոնավություն: Առաջին հարկն ամբողջ պարագծով խոնավ է: Առաջին հարկի հատակը գերանների վրա է, որոնք փտում են: Քանի որ հատակը գերաններից է, տակից կրծողներն անարգելք մտնում են շենք»,- Panorama.am-ի հետ զրույցում շենքի անմխիթար վիճակն այսպես ներկայացրեց Գրիգոր Բրուտյանը:
Նա ընդգծեց, որ միայն հիմնանորգման դեպքում խնդիրները կլուծվեն. հիմքը պետք է բետոնապատվի, տախտակե հատակները պետք է բետոնապատվեն. «Շատ մեծ աշխատանք կա անելու: Մինչև դա չարվի՝ ոչ խոնավության, ոչ էլ կրծողների հարցերը չեն լուծվի»:
Տուն-թանգարանի տնօրենն ասաց, որ տարիներ առաջ դիմել է ԳԱԱ ղեկավարությանը, հանրապետության կառավարությանը՝ հիմնանորոգման հարցով, հիմա այլևս ոչ մի տեղ չի դիմում:
Շենքի անմխիթար վիճակն իր բացասական ազդեցությունն է թողնում ցուցանմուշների վրա: Գ. Բրուտյանի խոսքով, թանգարանում պահվում են եզակի նմուշներ, Վիկտոր Համբարձումյանի անձնական գրադարանը, արխիվային նյութեր:
«Ամեն ինչին վնասում է: Փափուկ կահույք կա, խոնավությունից փչանում է: Գրքերը, արխիվային նյութերը նույնպես վնասվում են, թուղթը ոչ խոնավություն է սիրում, ոչ էլ դիմանում է կրծողներին: Ունենք գրքեր, որոնց կազմերը կրծողները կերել են»,- ասաց նա:
Չնայած այս վիճակին, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանն ունի իր այցելուները: Հիմնական այցելուներ Հայաստանից են՝ դպրոցականներ, լինում են նաև զբոսաշրջիկ այցելուներ:
Հարցին, թե արդյո՞ք համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականն արժանի է նման վերաբերմունքի, ում տունն այսօր նման վիճակում է, Գրիգոր Բրուտյանն ասաց. «Մարդիկ թքած ունի իրենց երկրի վրա, թողնում գնում են այլ տեղ՝ լավ ապրելու համար: Թքած ունեն մշակութային, հոգևոր արժեքների վրա: Եթե ամբողջ երկրի վրա մարդ պատրաստ է թքելու, մի մեծանուն գիտնականն ի՞նչ է որ: Պետությունն էլ մեր ժողովրդի մի մասն է: Ինչպես հասարակության վերաբերմունքն է, նույնը պետության վերաբերմունքն է, ինչպես կարելի է այլ բան սպասել պետությունից:
Նման աշխարհայացքի պայմաններում ինչ-որ մի եզակի գիտնականի հիշատակին հատուկ վերաբերմունք լինի՞: Ինչպե՞ս կարող է:
Մեր հասարակությունը՝ ներքից վերև, այսօր դարձել է չափազանց նյութականացված, նայում են՝ ի՞նչ կտա սա ինձ, իմ փորին: Ես այդ մարդկանցից ուրիշ բան չեմ սպասում:
Մեր այսօրվա ջոջերից՝ հարուստ մարդկանցից, անունն էլ չգիտեմ, եկել տեսել են, որ բացատրել եմ, թե ինչպիսի պայմաններում է ապրել Համբարձումյանը, ասում է՝ էս մարդը կարողա գիժ է եղել: Նրանց աշխարհայացքում արդեն այդ տեսակ մեծը տեղ չունի, գժերի ցուցակում է»:
Իսկ աշխարհահռչակ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանը, ում միտքը զորու էր հասնել տիեզերքի գալարներին ու աստղային գաղտնիքներին, իր սիրո ու արժեքների մեջ խիստ «համեստ» էր. «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ:
29.08.1994»:
Հարակից հրապարակումներ`
- «Բախտ եմ ունեցել հանդիպել Վիկտոր Համբարձումյանի հետ». իտալացի գիտնական
- Ուզում ենք ապրել մի երկրում, որի հերոսը Վիկտոր Համբարձումյա՞նն է, թե՞
- «Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար». Վիկտոր Համբարձումյանի մասին (լուսանկարներ)
- ՀՀ ԳԱԱ նախագահ. Մեծ կարևորություն է դարձել «Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը»
- Երեք գիտնականներ արժանացան Վիկտոր Համբարձումյանի 2014 թ. միջազգային մրցանակին
- Հայտնի են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. հաղթողներ
- Թբիլիսիում բացվել է Վիկտոր Համբարձումյանին նվիրված հուշատախտակ
- Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին՝ Թեհրանի «Փարդիս» այգում
- «Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար»… Վիկտոր Համբարձումյան (լուսանկարներ)
- Երևանի օրեր Սանկտ Պետերբուրգում. արքայանիստ քաղաքը չի մոռացել անվանի հայերին՝ Վիկտոր Համբարձումյան և Արմեն Թախտաջյան
- Հայտնի են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողները
- Գ. Իսրայելյանը և Ն. Սանտոսը մրցանակակիրներ` Վիկտոր Համբարձումյանի անվան 2010 թվականի միջազգային մրցանակի
- Վիկտոր Համբարձումյանի անվան 2010 թ. միջազգային մրցանակը շնորհվել է հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆ. Միշել Մայորին
- Սրճարան են կառուցում` փակում Վիկտոր Համբարձումյանի արձանը
- Տեղի ունեցավ Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի բացման արարողությունը