Եթե տանում եք նրան, որ ի վերջո հանրային պաշտպան ինձ պարտադրեք, դա չի լինելու. Վարուժան Ավետիսյան
Այսօր ՊՊԾ գնդի գրավման գործով 14 անդամի դատավարության ժամանակ ինը փաստաբան բոյկոտեցին նիստն ու հեռացան նիստերի դահլիճից: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց, որ նրանց նկատմամբ կիրառվում է դատական սանկցիա, պատասխանատվության ենթարկելու համար դիմել են Փաստաբանական պալատ:
Նա նաև հայտարարեց, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ այսօր նույնպես դատական սանկցիա էր կիրառել, քանի որ վերջինս հրաժարվել էր մտնել դատարան: Այնուհետև դատավորը դիմեց ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանին, քանի որ նրա պաշտպաններ Մուշեղ Շուշանյանն արդեն 4 անգամ, իսկ Արա Զաքարյանը 5 անգամ չեն ներկայացել դատական նիստերին, արդյոք ունի այլ պաշտպան՝ դատարան հրավիրելու համար:
Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իր պաշտպաններից չի հրաժարվում, նրանք շարունակում են մնալ իր պաշտպանները:
«Չեմ ուզում ուրիշ այլ պաշտպաններ ունենալ: Եթե տանում եք նրանց, որ ի վերջո հանրային պաշտպան ինձ պարտադրեք, դա չի լինելու»,- ասաց նա:
Այնուհետև դատավորը դիմեց ամբաստանյալ Արայիկ Կյուրեղյանին, ում պաշտպանը նույնպես Մուշեղ Շուշանյանն է. «Կարո՞ղ եք նրան այլ պաշտպանով փոխարինել»:
Ա. Կյուրեղյանն ասաց, որ իր պաշտպանն է Մ. Շուշանյանը ու մնում է իր պաշտպանը:
Կյուրեղյանը նաև ասաց, որ իր համար սա դատական նիստ չէ, որպես այդպիսն չի ընդունում:
«Չեմ հարգում դատարանին՝ պարզ ու հստակ»,- նշեց նա:
«Խնդրում եմ կոռեկտ վերաբերվել դատարանի նկատմամբ: Քանի որ չեք հարգում դատավորին և հաշվի առնելով, որ անհարգալից վերաբերմունք եք դրսևորում նախագահող դատավորի նկատամաբ՝ դատական սանկցիա է կիրառվում ձեր նկատմամբ՝ նախազգուշացում»,- ասաց դատավոր Գաբրիելյանը:
«Մեկ անգամ էլ եմ ասում, որ չեմ հարգում դատարանը»,- ասաց ամբաստանյալ Կյուրեղյանը:
Դատավորն այս անգամ սանկցիա կիրառեց Ա.Կյուրեղյանի նկատմամբ՝ դահլիճից հեռացում 10 ժամով:
Ամբաստայալ Գագիկ Եղիազարյանը նույնպես հայտարարեց, որ չի հրաժարվում իր պաշտպաններից, ովքեր նույնպես, ինչպես նշեց դատավորը, մի քանի նիստ չեն ներկայացել:
Դատական նիստը կշարունակվի հուլիսի 26-ին:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորն առաջարկեց գնալ արձակուրդ
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին դատարանից տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին մասնակից կանանց տարել են ոստիկանություն
- Փաստաբանները ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորի բացարկի հարցը բարձրացրեցին
- Կոստանյան. «Սասնա ծռեր»-ի դատավարությանը չեմ հետևում
- «Սասնա ծռեր»-ից Վարդան Գերավետյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- «Սասնա ծռերի» 15 անդամ հեռացվեց դատական նիստերի դահլիճից
- Փաստաբանները միջնորդեցին հետաձգել «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման 18 մեղադրյալների անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան