Բաներ կան, որ սակարկության ենթակա չեն, մեկը` լեզուն. գրականագետ
Մենք կորցրել ենք ազգային արժանապատվությունը: Մեր վիճակն իրոք շատ ողբալի է: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց գրագանագետ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանություններին Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկին՝ Հայաստանում ռուսերեն լեզվին պաշտոնական կարգավիճակ տալ:
«Բաներ կան, որ սակարկության ենթակա չեն, դրանցից մեկը լեզուն է։ Սա այլ բան չէ, քան ագրեսիա, բռնություն: Մի լեզու է մնացել, դա էլ խլեք։ Դա մի հարց է, որ քննարկման ենթակա չէ։ Ոնց որ ասեն` կնոջդ մեկ օրով տուր ինձ»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն իր հերթին նկատեց, որ երբ ՌԴ պետդումայի նախագահը խոսում է ռուսերենին Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ տալու մասին, ի հայտ է գալիս ՀՀ քաղաքականության տկարությունը:
«Ամեն անգամ, երբ այս հարցը բարձրանում է, մտածում ես՝ ինչքան կարևոր է, որ պետական գործիչները կիսեն մեր մտահոգություններ: Մեզ մոտ կիսում են, բայց երբ գնում են բարձր ատյաններ, դառնում են կուրկուռի ձագ: Քաղաքացիական հասարակությունը ոտքի է կանգնելու, եթե ռուսերենին Հայաստանում պետական կարգավիճակ տալու խոսակցությունները խորանան»,- նշեց նա:
Լեզվաբան Նարինե Դիլբարյանն էլ ցավ հայտնեց, որ վերջին տարիներին բուհերի հայ բանասիրության ֆակուլտետներում մեծ թվով թափուր տեղեր են մնում:
«Հայաստանում հայոց լեզվի շուրջ պետք է հոգատար վերաբերմունք ձևավորվի, այլապես շատ մարդիկ վերջին տարիներին սկսել են մտածել, որ հայերեն խոսելն իրենց ձեռնտու չէ»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա անձինք տարակուսանք հայտնեցին, որ ստեղծված իրավիճակում լռություն է պահպանում Լեզվի պետական տեսչությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ նախագահ. ՀՀ օրակարգում ռուսերենը պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա
- Բորիս Նավասարդյան. Ռուսերենի տարածման համար մենք ունենք օբյեկտիվ պատճառներ
- Ռուբեն Բաբայան. Սա լեզվի հարց չի, սա էքսպանսիա է
- Հայաստանում ռուսերենը պահանջված լեզու չէ. Դավիթ Գասպարյան
- ՀՀ պետական լեզուն հայերենն է, որևէ օտար լեզվին կարգավիճակ տալու խնդիր բացարձակ չկա. Լևոն Մկրտչյան