Ալթունյանն ու Լյուդվիկը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Միլոսլավ Լյուդվիկի հետ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, գործընկերները քննարկել են առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ տեղեկատվական-վերլուծական, էլեկտրոնային առողջապահական համակարգերի բարելավման, բժշկական տուրիզմի զարգացման և այլ ուղղություններով։
Նախարարներն անդրադարձել են նաև չեխ-չինական համագործակցության Պալատի և «Չինաստանի տնտեսական ֆորում» փոխգործակցության կենտրոնի կողմից Պրահայում կազմակերպված «Չինաստանի ներդրումային համաժողով-2017» միջոցառման արդյունքներին։
Այնուհետև, Հայաստանի պաշտոնական պատվիրակության անդամներն այցելել են Պրահայի արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտ և «Մոտոլ» համալսարանական կլինիկա, շրջել հիվանդանոցներում, ծանոթացել գիտական ներուժին։
Նշենք, որ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Պրահայի Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն Պետր Ցետկովսկին և ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Վերջին 3 տարվա ընթացքում հուշագրի շրջանակում արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտների շուրջ 10 հայ մասնագետ վերապատրաստվել է Եվրոպայում լավագույն ավանդույթներ ունեցող հիշյալ կլինիկաներում։
Արդյունքում, 2017 թվականին Հայաստանում՝ Արյունաբանական կենտրոնում իրականացվեց ցողունային բջիջների հավաքագրում և 2 հիվանդի ոսկրածուծի բարեհաջող փոխպատվաստում։
«Փոխգործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտների կայացմանն ու զարգացմանը»,- նշել է Լևոն Ալթունյանը և հույս հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի։
Հանդիպումների ավարտին Հայաստանի պատվիրակության անդամները մասնակցել են չեխ-չինական համագործակցության ֆորումի շրջանակում Չեխիայի Հանրապետության նախագահի անունից կազմակերպված պաշտոնական գալա-ընթրիքին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա