Դանակահարվել է հայտնի հոգեբանը. վիճակը կրիտիկական է
Հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռ. Պ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռ.Պ.-ի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
Նշենք, որ դանակահարվողը «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր, հոգեբան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ռուբեն Պողոսյանն է:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի լրատվական ծառայությունից Panorama.am- ին տեղեկացրեցին, որ հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով քաղաքացին շտապ օգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
«Հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով ստացած գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով: Անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, որտեղ դիմածնոտային, և այլ նեղ մասնագետները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Վիճակը ծանրացել է մեծ արյան կորստի պատճառով, ինչը հանգեցրել է նաև կրկնակի ծանր ինֆարկտի զարգացմանը: Ներկա պահին վիճակը գնահատվում է կրիտիկական ծանր»,- հայտնեցին հիվանդանոցից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան