Հայաստանը զբոսաշրջային այցելությունների աննախադեպ բարձր ցուցանիշ է գրանցել. Զարմինե Զեյթունցյան
Համաձայն սահմանային անցման կետերից ստացված տվյալների՝ Հայաստան այցելությունների ընդհանուր թիվը 2017-ի առաջին 6 ամիսներին եղել է 1 միլիոն 350 հազար 791, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24.3 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Ինչ վերաբերում է զբոսաշրջային այցելություններին, Կոմիտեի նախագահը նշեց, որ 2017-ի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 298 հազար 533 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18.2 տոկոսով ավելի է: «Սա աննախադեպ բարձր ցուցանիշ է մեզ համար, բայց մեր առջև նպատակ ենք դրել կրկնապատկել զբոսաշրջիկների թիվը»,- ընդգծեց Զարմինե Զեյթունցյանը:
Ըստ նրա ՝ զբոսաշրջիկների թվով Հայաստանում առաջատար են Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը: Աճ է գրանցվել նաև Թուրքմենստանից՝ 132 տոկոս, Ուզբեկստանից՝ մոտ 200 տոկոս, ինչպես նաև Իրաքից, Կանադայից և Իսպանիայից:
Զարմինե Զեյթունցյանը նաև հայտնեց, որ այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է 27,7 տոկոսով:
«Հոկտեմբերին դեռ նշագծվել են այն հիմնական թիրախային շուկաները, որոնց հետ աշխատում ենք, մասնավորապես, ներքին շուկան, Ռուսաստանը, Իրանը, Արևմտյան Եվրոպայի այն երկրները, որոնց հետ Հայաստանն ունի ուղիղ չվերթներ, Գերմանիան, Պարսից ծոցի երկրներ: Այս տարի ուսումնասիրում ենք նաև այլ շուկաներ, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան: Իհարկե հարկ եղած դեպքում օգտվում ենք նաև առիթներից այլ երկրներում զբոսաշրջային արդյունքը ներկայացնելու»,- նշեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը:
Անդրադառնալով ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշմանը՝ Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ ՌԴ ներքին անձնագրերով արդեն Հայաստան է ժամանել մոտ 8 հազար քաղաքացի: Հիշեցնենք, որ որոշումն ուժի մեջ է մտել 2017 թվականի փետրվարի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան