Արցախի խորհրդարանում շարունակվում է հատուկ նիստը. «Արցախպրես»
Արցախի Ազգային ժողովում գումարված հատուկ նիստը շարունակվում է: Հատուկ նիստում խորհրդարանը, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու է Հանարապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, նախ բացման խոսքով հանդես է եկել խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ով մասնավորապես խոսել է նիստի խորհրդի մասին՝ ներկայացնելով հանրապետության նախագահի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներին:
Այնուհետև «Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցություններից ելույթներով համապատասխանաբար հանդես են եկել Արթուր Թովմասյանը, Վահրամ Բալայանը և Աշոտ Ղուլյանը, ովքեր հիմնավորել են գործող նախագահի առաջադրման իրենց նախաձեռնությունը: Իսկ «Շարժում – 88» խմբակցությունից Էդուարդ Աղաբեկյանին ներկայացրել է պատգամավոր Վիլեն Սաֆարյանը:
Հաջորդիվ ելույթներով հանդես են եկել նախագահի թեկնածուներ իր լիազորությունները դեռևս չավարտած գործող նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում – 88» ԱԺ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը:
Գործող նախագահը մասնավորապես անդրադարձել է անցած տասը տարիների ընթացքում կատարած աշխատանքներին և արդյունքներին, ինչպես նաև անդրադարձել է գալիք շրջանում ընտրվելու դեպքում իր կողմից իրականացվելիք նոր ծրագրերն:
Է. Աղաբեկյանը իր ելույթում հիմնականում անդրադարձել է բացթողումներին և նշել այն կարևորագույն ոլորտները, որոնց մտադիր է ուշադրություն դարձնել, եթե ստանա Խորհրդարանի վստահությունը: Նախագահի թեկանծուները պատասխանել են նաև պատգամավորների հարցերին:
Այս պահին կարճատև ընդմիջում է հայտարարվել:
Նիստին 33 պատգամավորներից ներկա են 32-ը: «Ժողովրդավարություն» խմբակցությունից հարգելի պատճառով բացակայում է Արմո Ծատուրյանը: Քիչ հետո տեղի կունենա փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքները կհրապարակվեն հաշվիչ հանձնաժողովի կողմից:
ԼՂՀ ԱԺ երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել էին գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Գործող նախագահին իր աջակցությունն էր հայտնել նաև Խորհրդարանի միակ անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը: Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր 21 ձայնը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստին
- Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 19-ին
- «Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը
- Արցախի իշխող քաղաքական ուժը հանրապետության նախագահի պաշտոնում կառաջադրի Բակո Սահակյանի թեկնածությունը