Հայաստանի մարմնամարզիկները տասը մեդալ են նվաճել Բաթումիում
Բաթումիում անցկացված սպորտային մարմնամարզության Ռուսուդան Սիխարուլիձեի Գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։
Մրցումներն անցկացվել են պատանիների (Մ 18 տարեկան) եւ մեծահասակների տարիքային խմբերում: Երկու խմբերի արդյունքների հանրագումարով էլ խաղարկվել է 12 երկրների միջեւ թիմային առաջնությունը:
Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի եւ Վրաստանի թիմերին:
Հայաստանից մրցումներին մասնակցել են ընդամենը 9 մարզիկներ: Բացի Արթուր Ավետիսյանից, բոլորը հանդես են եկել պատանիների տարիքային խմբում:
Ժորա Սմբատյանը հաղթող է դարձել պատանիների բազմամարտում: Առանձին գործիքների վրա ոսկե մեդալ նվաճել են ժորա Սմբատյանը (նժույգ թափեր, պտտաձող, օղակներ): Արթուր Ավետիսյան (օղակներ), Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտեր): Արծաթե մեդալակիրներ դարձել են Հովհաննես Հակոբյանը (զուգափայտեր) եւ Նարբե Հակոբյանը (օղակներ): Վահե Ղազարյանն ազատ վարժություններում զբաղեցրել է երրորդ տեղը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է արդյունքներից.
«Մրցաշարը ցույց տվեց, որ լավ սերունդ է աճում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց մարզիչը:
Լուսանկարը` Հակոբ Սերոբյանի անձնական արխիվից