Հայաստանի զարգացման հիմնադրամն Արցախի տնտեսավարողների համար ընդլայնում է աջակցությունը
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախ՝ նոր գործարար ծրագրեր կազմելու, արտադրող ընկերություններին առավել արդյունավետ աջակցություն ապահովելու և գործընկեր կառույցի՝ Արցախի Ներդրումային հիմնադրամի հետ աշխատանքը սերտացնելու նպատակով։ Հիմնադրամը նաև նպատակ ունի իր հետագա ներդրումային ծրագրերում ընդգրկելու արցախյան գործարար ներուժը։
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, աշխատանքային այցը բխում է անցած տարի նոյեմբերին հայկական երկու հանրապետությունների վարչապետների պայմանավորվածությունից՝ տարբեր կառույցների միջև համագործակցությունն ակտիվացնելու վերաբերյալ։
ՀԶՀ պատվիրակությանն ընդունել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Հանդիպմանը Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավարը ներկայացրել է ՀԶՀ աջակցության գործիքակազմը, նշելով, որ օրինակ, միջազգային ցուցահանդեսների մասնակցությունն արդեն որոշակի արդյունքներ է ապահովել: Արցախի վարչապետն առաջարկել է արտահանման արդյունավետությունը բարձրացնելու և ծավալները մեծացնելու համար բրենդավորել որոշ ապրանքատեսակներ՝ մի քանի ընկերությունների միևնույն ապրանքանիշով ներկայանալու հնարավորություն տալով: ՀԶՀ գործադիր տնօրենը պատրաստակամություն է հայտնել առաջարկը գործնական քայլերի վերածել, քանի որ դրանք կարող են խթանել նաև փոքր ընկերությունների զարգացումը:
Արցախի էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի հետ հանդիպմանը քննարկվել են նախարարության ու հիմնադրամի միջև մշտական ու առարկայական համագործակցության հարցերը:
Գործարար համայնքի և Արցախի Ներդրումային հիմնադրամի աշխատակիցների հետ հանդիպմանը ներկայացվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցության գործիքակազմը, արդյունքներն ու հաջողության պատմություններ։
Ներկայում Հայաստանի զարգացման հիմնադրամն աջակցում է արտահանման ներուժ ունեցող արցախյան ընկերություններին. սննդարդյունաբերության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները մասնակցում են հայաստանյան և միջազգային ցուցահանդեսներին, օտարերկրյա գործարար համաժողովներին, կազմակերպվում են գործարար այցեր, B2B հանդիպումներ, որոնց ընթացքում տնտեսվարողները նոր գործարար կապեր են հաստատել և պայմանագրեր կնքել օտարերկրյա մեծածախ գնորդների հետ։
Հիմնադրամի պատվիրակությունն այցելել է նաև գործարաններ, որոնք հիմնադրամի աջակցությամբ մասնակցել են միջազգային ցուցահանդեսների և արտահանման պատվերներ ստացել։ ՀԶՀ տնօրենը ծանոթացել է պատվերների կատարման ընթացքին, զարգացման ծրագրերին և հետաքրքրվել, թե արտադրողներն ինչ աջակցության կարիք ունեն՝ արտահանումն ավելացնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան