ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագրին կառավարությունը հավանություն տվեց
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքին:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետդուման արդեն իսկ վավերացրել է վերը նշված համաձայնագիրը:
2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը սահմանում է Միացյալ զորախմբի ձևավորման և կիրառման կարգը: Կարգավորվում են նաև նյութատեխնիկական ապահովմանն ու տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերը:
Զորախումբը ձևավորվում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում՝ նպատակ ունենալով ժամանակին հայտնաբերել ռազմական հարձակման նախապատրաստությունը, իրականացնել ընդհանուր ցամաքային սահմանի վերահսկողությունը, ինչպես նաև մասնակցելու հակաօդային, ռադիոէլեկտրոնային և տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությանը:
Միացյալ զորախմբի կազմը սահմանելու են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունները՝ հիմնվելով ռազմաքաղաքական իրավիճակի համատեղ վերլուծության, հնարավոր սպառնալիքների ուղղությունների հաշվի առնելու և զորախմբի կիրառման հարցում համաձայնության վրա:
Միացյալ խմբավորման կառավարման համար ստեղծվելու է Միացյալ հրամանատարություն, որը գլխավորելու է Միացյալ խմբավորման հրամանատարը: Միացյալ խմբավորման հրամանատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը` համաձայնեցնելով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ:
Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից որևէ մեկը համապատասխան ժամանակահատվածն ավարտվելուց ոչ ուշ, քան վեց ամից առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցում դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին