Հաստատվել են էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները
Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրով հանդես եկող «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս Ապահով» ՍՊԸ-ից (ՀՀն) բաղկացած համատեղ ձեռնարկությանը:
Հիմնավորման համաձայն՝ համակարգի ծրագրային ապահովման մշակումը, սերվերային ենթակառուցվածքի նախագծումը, մատակարարումն ու տեղադրումը և ՀՀ տարածքում գործող 6 բուժհաստատություններում պիլոտային փորձարկումը իրականացվել է 2014-2015 թթ. ընթացքում: 2017 թ. սկզբից համակարգին միացվել են պետական մասնակցությամբ առողջապահական ոլորտի մի շարք հաստատություններ, որոնց պետական պատվերի շրջանակում հաշվետվությունների կազմումն արդեն իսկ իրականացվում է համակարգի միջոցով։
ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է համակարգի ամբողջական ներդրումը ՀՀ բոլոր բուժհաստատություններում իրականացնել 2017 թ. և 2018 թ. առաջին եռամսյակում: Համակարգի հետագա շահագործումը և զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համակարգը կոնցեսիոն կառավարման հանձնել միասնական օպերատորին, որի համար ձևավորվել է միջգերատեսչական գնահատող հանձնաժողով, կազմակերպվել և իրականացվել է բաց մրցույթ։