Կենտրոնացած էի լավ նվագելու, հաճույք ստանալու և հաճույք պարգևելու վրա. «Արմենիա» միջազգային մրցույթի հաղթող
Դաշնակահարուհի Հռիփսիմե Աղաքարյանը «Արմենիա» միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրն է։ Նա հաղթող է ճանաչվել 14 երկրի 48 մասնակիցներից։ Հռիփսիմեն ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, այժմ աշխատում է Սարյանի անվան արվեստի դպրոցում և կոնսերվատորիայում։
Դաշնամուր նվագում է վեց տարեկանից։ Panorama.am-ին Հռիփսիմեն պատմեց, որ մայրը նույնպես դաշնակահար է և նրան լսելով՝ միշտ ցանկացել է ինքն էլ շարունակել մայրիկի գործը։
«Արմենիա» մրցույթին մասնակցելու կասկածներ է ունեցել, մի քանի անգամ որոշել է մասնակցել ու հրաժարվել որոշումից, ի վերջո, վերջնական որոշում է կայացրել և դարձել մրցույթի հաղթող։
Ելույթի ծրագիրն ընտրել է ըստ իր նախասիրությունների՝ այն, ինչ ցանկացել է նվագել:
«Գուցե ներկայացրածս ստեղծագործությունները ժամանակաշրջաններով և ոճերով մոտ էին իրար, սակայն դա այն էր, ինչ ես ուզում էի նվագել՝ Ռավել, Սկրյաբին, Շոստակովիչ, Ռախմանինով և Շորի ստեղծագործությունները (վերջինները ծրագրում պարտադիր էին)։ Մենահամերգի նման ստացվեց։ Հաղթանակ, ճիշտն ասած, չէի սպասում։ Ես ուղղակի մտածում էի իմ ելույթի մասին, ուրիչ ոչինչ։ Կենտրոնացած էի միայն լավ նվագելու, հաճույք ստանալու և հաճույք պարգևելու վրա»,- ասում է Հռիփսիմե Աղաքարյանը։
Դաշնակահարուհին իր մրցակիցներից շատերին լսել է և նշում է, որ նրանց կատարողական մակարդակը շատ բարձր էր։
Դաշնակահարուհին ասում է, որ զրուցել է ժյուրիի անդամների հետ, նրանք ասել են, որ իր մեջ գնահատել են հատկապես կատարման անկեղծությունը։
Դաշնակահարուհու խոսքով, իր համար հպարտություն և մեծ պատիվ է, որ իր շնորհիվ 14 երկրների թվում «Արմենիայի» առաջին մրցանակը մնաց Հայաստանում։
Այժմ Հիռիփսիմեն պատրաստվում է մասնակցել 2018-ին Մալթայում կայանալիք դաշնակահարների միջազգային մրցույթին, որի մրցանակային ֆոնդն աննախադեպ բարձր է՝ 200 հազար եվրո։ Ինչպես «Արմենիայում», այնպես էլ Մալթայի մրցույթում պատրաստվում է մենահամարգի՝ կենտրոնանալով ելույթի վրա և ոչ թե մրցանակի։ Նրա խոսքով, այդ տրամադրվածությունն իրեն շատ է օգնում։
Դասավանդելիս Հռիփսիմեն իր սաներին առաջին հերթին խորհուրդ է տալիս նվագելիս լինել ազնիվ, փորձում է նրանց միջից հանել բեմի նկատմամբ հուզմունքը. «Աշխատում եմ, որպեսզի աշակերտներս շատ ելույթ ունենան և հաճույք ստանան իրենց նվագածից, սիրեն դաշնամուրը»։
Յուրաքանչյուր երաժիշտ ունի իր նախընտրած կոմպոզիտորին։ Հռիփսիմեն դժվարանում է առանձնացնել որևէ հեղինակի, բոլորի գործերն էլ սիրում է, բայց իրեն հատկապես հարազատ են Բախի ստեղծագործությունները։ Հռիփսիմե Աղաքարյանն իր ապագան կապում է երաժշտության հետ. «Ուզում եմ միշտ նվագել, հանդես գալ համերգներով»։
Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Երաժշտական այս մասշտաբային իրադարձությունը կյանքի է կոչվել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Էդուարդ Թոփչյան. Երաժշտական աշխարհում Հայաստանին արդեն գիտեն, բայց մեզ էլի ծանր աշխատանք է սպասվում
- Հայտնի են «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները
- «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը խթանող ուժ ունի. Գևորգ Մուրադյան
- Ավարտվել է «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի առաջին փուլը
- Էդուարդ Թոփչյան. «Արմենիա» միջազգային մրցույթից ակնկալում եմ նոր տաղանդների բացահայտում
- «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնում կատարողների լավագույն կազմ է հավաքվել. Իշխանով
- Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն և թեժ մրցակցություն՝ «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնում
- Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը