«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առավելագույնս կնվազեցվի աղբանոցների ու աղբավայրերի թիվը
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին, որի նպատակն է պետական, համայնքային և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ իրականացնել մի շարք համալիր գործողություններ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման Դավիթ Լոքյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ծրագիրն արդեն մտել է ընթացքի մեջ։ Այն իրենից ներկայացնում է պետություն–համայնք-մասնավոր հատված-քաղաքացիական հասարակություն համագործակցություն՝ ուղղված Հայաստանն աղբից մաքրելուն, դրա հետագա կուտակումներն աղբահանության համար չնախատեսված վայրերում կանխելուն:
«Իրականության մեջ մենք ունեցել ենք բավական ցածր մշակույթ և այսօր փորձում ենք մեծ դժվարությամբ հաղթահարել այդ լայնածավալ խնդիրը», -ասաց Դավիթ Լոքյանը:
Նրա խոսքերով՝ նախատեսվում է առավելագույնս նվազեցնել աղբանոցների ու աղբավայրերի թիվը, սահմանափակ թվով արտոնագրված աղբավայրերի շահագործում: Դավիթ Լոքյանը հայտնեց, որ 2300 աղբավայրերի թիվն այսօր արդեն հասել է 564–ի: Մինչև տարեվերջ նախատեսվում է դրանց թիվը հասցնել 126-ի:
Բացի այդ, ակնկալվում է շեշտակիորեն բարելավել հանրապետության շրջակա միջավայրը, այն ազատել վտանգավոր ներգործություններից, ինչպես նաև բարձրացնել երկրի զբոսաշրջային գրավչությունը:
Ծրագրով նախատեսվում են նախապատրաստական, ուղղիչ և կանխարգելիչ գործողություններ: Ուղղիչ գործողությունների շարքին կարելի է դասել շաբաթօրյակները, աղբանոցներից աղբի տեղափոխումը գործող աղբավայրեր, աղբի լցակույտերի ծածկումը, աղբավայրերի ցանցապատումը և այլն:
Կանխարգելիչ գործողություններից են էկոկրթության և էկոդաստիարակության ուղղությամբ միջոցառումների իրականացումը, քարոզչության և հանրային հսկման աշխատանքների կազմակերպումը, ինտերակտիվ համացանցային կայքի ստեղծումը և այլն: Նախատեսվում է նաև իրավական և վարչական աշխատանքների կատարելագործում, որի արդյունքում կբարելավվի համայնքապետարանների կողմից կազմակերպվող աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կանոնակարգը՝ պահանջներն ու իրավասությունները:
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր մարզ մշակելու է միջոցառումների ծրագիր:
Հարակից հրապարակումներ`
- «Մաքուր Հայաստան» ծրագրով գույքագրվել ու անձնագրավորվել են շուրջ 2300 աղբանոց
- Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները