Վարդավառին պետք է ջուր շաղ տալ միմյանց վրա սիրուն ձևով. Քահանա
Հուլիսի 23-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով:
Լրագրողների հետ հանդիպմանը Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն ասաց, որ հուլիսի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ թեմի երիտասարդաց միությունները կազմակերպում են Վարդավառի տոնախմբություն:
«Մեր տոմարով օրը երեկոյան ժամերգություից հետո փոխվում է: Հուլիսի 22-ի երեկոյան ժամերգությունը երբ ավարտվում է, սկսվում է ամսի 23-ը: Մի քանի տարի է նախատոնակ ենք անում՝ Վարդավառի նախորդող երեկոյան ենք նշում»,- ասաց քահանան:
Նա տեղեկացրեց, որ ժամը 18.00-ին տոնախմբության մասնակիցները ազգային երգ ու պարով, տոնական մեծ թափորով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կքայլեն դեպի Մանկական զբոսայգի: Կմասնակցեն «Մասունք», «Վարք հայոց», «Վան», «Վերադարձ», «Զարթոնք», «Նուբար» ազգագրական երգի-պարի խմբերը: Այգում կներկայացվեն տոնի ժողովրդական սովորույթները, կցուցադրվի ներկայացում՝ Ջրհեղեղի և Նոյի ընտանիքի՝ տապանից դուրս գալու մասին: Կբեմադրվեն խնդումին և պուռմատիկինին նվիրված ծիսական դրվագները, ցորենի հասկերից խաչբուռ կպատրաստեն: Երիտասարդները խնձոր կխորովեն և կբաժանեն ներկաներին: Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով:
Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության անդամ Տաթև Զախարյանն ասաց, որ ազգային խորհուրդների առումով տոնը շատ գեղեցիկ է:
«Ունենք մի քանի խորհրդանիշներ, որոնք հենց Վարդավառին են վերաբերում: Օրինակ՝ վարդավառյան խնդումը. յուրօրինակ ծառ է զարդարված խնձորով, վարունգով, ամբողջությամբ պատված վարդերով:
Հնուց եկած ավադույթ է, որ Վարդավառին խնձորի պահք են պահել ու մինչև Վարդավառ խնձոր չեն կերել, ապա մեծ խարյուկներ են վառել, խորովել են խնձորը ու նոր համտեսել: Այդ ավանդույթը նույնպես վերականգնել ենք: Հուլիսի 22-ի միջոցառման ընթացքում բոլորն ականատես կլինեն, կհամտես մեր թեմի երիտասարդների կողմից տեղում խորոված խնձորը»,- նշեց նա՝ հավելելով, որ փորձել են այնպես անել, որ գեղեցիկ ու գունեղ տոն դարձնեն:
Ինչ վերաբերում է ջուր ցողելուն, Տ. Զախարյանն ասաց, որ իրենք ցողում են վարդաջրով. «Երբ մի փոքր ամանով ցողում ենք, ասում են՝ ինչու այդքան քիչ, մի քիչ էլ ցողեք»:
Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նշեց, որ երբ սկսեցին նշել Վարդավառը, քարոզչություն էին անում, թե ինչ ձևով ջուր ցողելու երևույթն իրականություն դառնա:
«Պետք է սիրուն ձևով արվի, սիրով, տոնին համահունչ: Քիչ քանակությամբ ջուր շաղ տալը նույնիսկ հաճելի է դիմացինին, իսկ երբ դույլով են շաղ տալիս, երկկողմանի ագրեսիվություն է առաջանում»,- ասաց Տեր Պետրոսը: