Ռենե Ֆազելին զարմացել է, որ Հայաստանն արդեն փորձ ունի հոկեյի միջազգային մրցաշար կազմակերպելու գործում,
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին (René Fasel):
Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, նախարարը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի հետ սերտ համագործակցության համար:
«Խորհրդային տարիներին հոկեյն ամենասիրված մարզաձևերից էր նաև մեզ՝ հայերիս համար: Երկրի փլուզումից հետո ամեն ինչ փոխվեց: Սակայն հոկեյը, լինելով ամենադիտարժան մարզաձևերից մեկն աշխարհում, հետզհետե վերականգնում է իր դիրքերը: Հայաստանի հոկեյի ֆեդերացիան մեծածավալ աշխատանք է իրականացնում այդ ուղղությամբ»,-ասել է նախարարը:
Ռենե Ֆազելը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար: «Որքան կարողացել եմ ճանաչել՝ հայը խելացի և աշխատասեր ժողովուրդ է: Սրանք կարևոր հատկանիշներ են բարձրագույն սպորտում հաջողությունների հասնելու համար»,- նշել է Ռ. Ֆազելը:
Նրա խոսքերով՝ հոկեյի մասսայականացմանը և զարգացմանը կարող է նպաստել մեր երկրում միջազգային մրցաշարերի կազմակերպումը:
Հյուրին զարմացրել է այն, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն փորձ ունի հոկեյի միջազգային մրցաշար կազմակերպելու գործում, երբ նախարար Ռոստոմյանը նրան տեղեկացրել է, որ 2010 թվականի աշխարհի առաջնության C խմբի մրցաշարը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հովանավորությամբ կայացել է Երևանում:
Հրաչյա Ռոստոմյանի խոսքերով՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում խաղային մարզաձևերը համեմատաբար դանդաղ են զարգանում, թե՛ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, թե՛ ՀԱՕԿ-ը անում են ամեն ինչ՝ այդ գործընթացն արագացնելու համար:
«Այդ քայլերից են նաև հանդիպումները մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ, միջազգային փորձի ուսումնասիրությունը և այդ փորձի կիրառումը մեր երկրում»,- ասել է նա: