Տղաները գիտակցում էին, որ Ադրբեջանի դեմ խաղի նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն կա և պետք է անպայման հաղթենք. Վիգեն Էսկիջյան
«Խաղից առաջ ահռելի լարվածություն կար թիմում։ Տղաները գիտակցում էին, որ Ադրբեջանի դեմ խաղի նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն կա և պետք է անպայման հաղթենք։ Որքան էլ փորձել էինք լարվածությունը հանել, բայց չէր ստացվել, քանի որ բոլորն այս խաղի մասին էին խոսում, անընդհատ զանգեր էինք ստանում տարբեր տեղերից»,- Ադրբեջանի նկատմամբ 82։80 հաշվով տարած հաղթանակից հետո Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությանը տված մեկնաբանությունում ասել է Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վիգեն Էսկիջյանը:
Հիշեցնենք, որ այսօր բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկան տղաների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում 82 - 80 հաշվով հաղթել է Ադրբեջանի ընտրանուն:
Վիգեն Էսկիջյանը նաև ասել է . «Խաղի մասին բարդ է խոսելը, քանի որ այսօր խաղադաշտում տեսանք պայքար և միայն պայքար։ Խաղասկզբում մենք լավ առավելություն ստացանք և կարող էինք ընդմիջման գնալ զգալի տարբերությամբ, սակայն անհասկանալի խախտումներ ստացավ մեր միակ կենտրոնականը՝ Սթիվեն Էնոչը, որին ստիպված էինք փոխարինել։ Էնոչի փոխարինումը թույլ տվեց մրցակցին հավասարվել մեզ։
Ընդհանրապես, մրցավարության վերաբերյալ մի շարք հարցեր առաջացան։ Այնպիսի տպավորություն էր, որ ցանկանում են Էնոչին հեռացնել խաղից։ Փաստորեն, մենք խաղի գրեթե կեսը խաղացինք առանց մեր կենտրոնականի․․․
Շատ ուրախ եմ, որ չնայած այս բարդություններին, մենք ի վերջո հաղթեցինք և ուրախություն պարգևեցինք հայ ժողովրդին։ Մենք միասնական էինք և դրա համար էլ հաղթեցինք։ Շնորհակալ եմ տղաներին, ովքեր ջանք չխնայեցին հաղթանակի համար։
Այսքանով առաջնությունը չի ավարտվել մեզ համար։ Հուլիսի 23-ին խաղալու ենք 17-րդ տեղի համար և ավարտելու ենք մեր ելույթները։ Մրցելու ենք Իռլանդիա-Մալթա զույգի հաղթողի հետ։ Ցանկանում ենք հաղթանակով ավարտել մեր ելույթները»: